Հայաստանում ինտերնետն ազատ է, ասված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից այսօր հրապարակված «Ազատությունն ինտերնետում ֊ 2014» զեկույցում։
Զեկույցն ինտերնետի հասանելության խոչընդոտները, բովանդակության սահմանափակումները ու օգտատերերի իրավունքների խախտումները գնահատում է 0֊ից 100 միավորների սանդղակով՝ 0֊ն ամենալավ վիճակն է, 100-ը՝ ամենավատը: 0֊ից 30 միավոր հավաքող երկրները դասվում են ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքին, 31֊ից 60 միավորով երկրները՝ մասամբ ազատ, 61֊ից 100 հավաքող երկրներում ինտերնետն ազատ չէ։
Հայաստանը 28 միավորով ԱՊՀ տարածքում լավագույն արդյունքը գրանցած պետություն է։
Զեկույցի հեղինակները նշում են, որ վերջին տարիներին Հայաստանում ինտերնետին մատչումը զգալիորեն բարելավվել է: Ինտերնետի ներթափանցման ցուցանիշը 2013 թվականին կազմել է 46 տոկոս, 2012֊ի՝ 39 և 2008-ի 6․2 տոկոսի համեմատ:
Նշենք, որ զեկույցում հրապարակած ցուցակում Վրաստանը հավաքել է 26 միավոր, Ռուսաստանը՝ 60 միավոր, Ադրբեջանն ու Թուրքիան՝ 55, Ուկրաինան՝ 33 միավոր։