Home / Հայաստան / Հայաստանում երեխաներին սեռական բռնության են ենթարկում հիմնականում խորթ հայրերը կամ հարազատները

Հայաստանում երեխաներին սեռական բռնության են ենթարկում հիմնականում խորթ հայրերը կամ հարազատները

Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում 143 քրեական գործ է հարուցվել երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու առթիվ։ Ընդ որում՝ այդ գործերից 7-ի դեպքում թե տուժողը, թե բռնության ենթարկողն անչափահասներ են եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանը։

Նա նշել է, որ թիրախային են համարվում անչափահաս աղջիկները, որոնք հիմնականում բռնության են ենթարկվում խորթ հոր, քեռու կամ հորեղբոր կողմից։ Բացի ընտանիքից, սեռական բռնության դեպքեր գրանցվում են բակում, դպրոցում և այլ վայրերում։

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը նշել է, որ ծնողները պետք է ուշադիր լինեն երեխայի նկատմամբ, և եթե նա չի ցանկանում դպրոց գնալ կամ իջնել բակ, պետք է պարզեն պատճառները։

Համաձայն վիճակագրության՝ մարզերում նախընտրում են չբարձրաձայնել սեռական բռնության դեպքերի մասին՝ հաշվի առնելով այն, որ աղջիկը պետք է ամուսնանա, իսկ տղան՝ բանակում ծառայի։