Home / Հայաստան / Ում և ինչ ժամկետով են տրամադրվելու ԱՄՆ֊ի բազմակի մուտքի վիզաները․ դեսպանատունը պարզաբանում է

Ում և ինչ ժամկետով են տրամադրվելու ԱՄՆ֊ի բազմակի մուտքի վիզաները․ դեսպանատունը պարզաբանում է

2015թ. հունվարի 1-ից Միացյալ Նահանգները կսկսի վիզաների թողարկումը Հայաստանի Հանրապետության հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն, տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Տուրիստական ու գործնական նպատակներով Միացյալ Նահանգներ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչև 10 տարի վավերականության ժամկետով: Նաև, մինչև 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի F, M, կամ J տեսակի վիզաներ կտրամադրվեն ուսման նպատակով մեկնողներին, փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց:

ԱՄՆ քաղաքացիները 2015թ. հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր:

«Այս համաձայնությունների արդյունքում կավելանան փոխադարձ այցելությունները, ներդրումները, բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչը շահավետ կլինի երկու երկրների տնտեսավարողների, այդ թվում նաև զբոսաշրջության համար: Վիզաների վավերականության երկար ժամկետը կդյուրացնի ուսանողների ու փոխանակման ծրագրերի մասնակիցների հայրենի երկիր այցելելու հնարավորությունները՝ տոների ու արձակուրդների ընթացքում», ֊ ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ: