Չորս դիմակավորված անձանց կողմից դեկտեմբերի 10֊ին ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվելու։ Երեկ ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ» թերթին հայտնել են, որ հետաքննության արդյունքներով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1֊ին մասի 4֊րդ կետով (Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, եթե բացակայում է դիմողի բողոքը)։
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը տեղյակ չի եղել քրեական գործի հարուցումը մերժելու որոշման մասին։ Թերթի հետ զրույցում նա ասել է, որ բողոք չի ներկայացրել ոստիկանություն․ «Բողոք չունեմ, որովհետև չունենք դատաիրավական համակարգ, ոստիկանության համակարգը այս ռեժիմի պայմաններում գոյություն չունի, նույնիսկ եթե ինձ սպանեին, էլի էս գործը փակելու էին։ Եթե մերժել են, ապա դա իրենց խնդիրն է, ես բացարձակ մտահոգություն չունեմ։ Այս համակարգը չի ծառայում ժողովրդին, պետության ու Սահմանադրության շահերին, ոստիկանությունը ծառայում է մի խումբ հանցագործների։ Երբ կլինի օրինական ոստիկանություն, այդ ժամանակ մեր հարցերը օրենքի շրջանակներում կլուծենք։ Ես և իմ ընկերները գիտենք մոտավորապես որտեղից է դա եկել, ինչ է եղել, մենք կզբաղվենք այդ հարցով։ Վերջնական ճշտում ենք անունը, որից հետո մենք նրանց կայցելենք»,֊ ասել է Սարգսյանը։
Երեկ փաստաբան Երվանդ Վարոսյանից «ՀԺ»֊ն հետաքրքրվել է, թե այդ դեպքով պարտադի՞ր է տուժողի բողոքը, թե՝ ոչ։ «Եթե չկա տուժողի բողոք, ոչ ոստիկանությունը, ոչ Քննչական կոմիտեն, ոչ էլ դատախազությունը չեն կարող քրեական գործ հարուցել։ Կոնկրետ Սուրեն Սարգսյանի պարագայում միակ հարցը, որ անհրաժեշտ է պարզել՝ հասկանալու համար, թե արդյոք ճիշտ է եղել իր բողոքի բացակայության պարագայում մերժել քրեական գործի հարուցումը, դա այն է, թե ինչ ծանրության վնասվածք է ինքը իրականում ստացել՝ ծանր, միջին, թե՞ թեթև։ Եթե ծանր աստիճանի վնաս է պատճառվել իր առողջությանը, ապա առանց բողոքի քրեական գործ պետք է հարուցվի, իսկ եթե միջին կամ թեթև, ապա բողոքը պարտադիր է։ Բայց եթե անձը բողոք չի ներկայացրել, դատաբժշկի չի գնացել, այս պարագայում էլ վարույթ իրականացնող մարմինը չունի որևէ լիազորություն՝ հարկադրանքի որևէ միջոց կիրառելով անձին ներկայացնելու դատաբժշկական փորձաքննության։
Այս դեպքով ոստիկանությունը որոշել է քրեական գործ չհարուցելու մասին որոշում կայացնել՝ համոզված լինելով, որ Սուրեն Սարգսյանի առողջությանը ծանր մարմնական վնաս չի հասցվել։ Հիմա, թե ինչի՞ց ելնելով են եկել այդ համոզման՝ կարելի է ասել միայն նյութերին ծանոթանալու դեպքում»,֊ ասել է Վարոսյանը։
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը թերթին նույնպես ասել է, որ եթե չկա բողոք, կարող է քրեական գործ չհարուցվել․ «Բայց քանի որ այստեղ, մեր կարծիքով, կա ահաբեկչություն, ապա պետք է բոլոր ծեծերը (նկատի ունի նաև ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի դեմ հարձակումները ֊ ՀԺ) դիտարկվեին որպես ահաբեկչություն և քրեական գործ հարուցվեր։ Կարծում եմ՝ սա ահաբեկչություն է», ֊ նշել է Զեյնալյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Araratnews.am