հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Գենդերային բռնության դեմ ուղղված կառավարության քայլերը բավարար չեն

Գենդերային բռնության դեմ ուղղված կառավարության քայլերը բավարար չեն

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ն անցկացված Գենդերային բռնության դեմ պայքարի 16 օրերին չհնչեց որևէ պաշտոնական հայտարարություն, որով պետությունն իր աջակցությունը կհայտներ բռնության և խտրականության դեմ պայքարին, swv.am կայքում գրում է Արման Ղարիբյանը: Այնինչ, նշում է հոդվածագիրը, դեռևս 2011 թվականին ՀՀ Կառավարությունը «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագիր է ընդունել, ինչպես նաև 2011-2015 թվականների համար նախատեսված ռազմավարական ծրագիր, որոնց նպատակն է նպաստել գենդերային բռնության կրճատմանը Հայաստանում:

Հասկանալու համար, թե որքանով և ինչպես է իրագործվել ծրագիրը, Արման Ղարիբյանը զրուցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանի հետ:

Վերջինս նշել է, որ այսօր անհնար է չափել, թե Հայաստանում որքանով է կրճատվել գենդերային բռնությունը, քանի որ ծրագրի իրականացման մեկնարկից հետո ոչ մի համապետական հետազոտություն չի իրականացվել:

«Այս պահին մենք համեմատելու համար չունենք որևէ չափանիշ: Հուսով ենք, որ հաջորդ տարի հետազոտություն կունենանք»,- նշել է Արմենուհի Թանաշյանը:

Այնուամենայնիվ, Կանանց հիմնահարցերի բաժնի պետն ասել է, որ իրականացվել է հսկայական աշխատանք ամբողջ հանրապետության տարածքում․ «Բռնության կանխարգելման համար կարևոր նշանակություն ունեն իրազեկման աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ բոլոր մարզերում և Երևանում: Կրթական ոլորտում աշխատողների հետ էլ տարվել են վերապատրաստման աշխատանքներ, քաղաքացիական ծառայողներն են հատուկ դասընթաց անցնում»:

Ըստ Կառավարության հաստատած ծրագրի՝ ՀՀ֊ում գենդերային բռնության կրճատմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը գենդերային բռնության կանխարգելումն է: Սակայն «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ֊ի հետազոտող, փորձագետ Զարուհի Ազնաուրյանը կարծում է, որ «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի շրջանակներում հնարավոր չէր էլ լինի կանխարգելել գենդերային բռնությունը, քանի որ ծրագրի հիմնական տարրերը վերաբերում էին կրթական կոմպոնենտին․ «Կոնկրետ գործողություններ, որոնք կնպաստեին դեպքերի նվազեցմանը` աշխատանք բռնարարների հետ, ապաստարանի տրամադրում, մշտական և նպատակային հոգեբանական և սոցիալական ծառայությունների մատուցում, նախատեսված չեն ծրագրով»:

Ծրագրում ներառված էր նաև գենդերային բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը: Փորձագետների գնահատականների համաձայն, կառավարության գործողություններն այդ առումով բավարար չեն։

«Ազգային ծրագրով նախատեսված գենդերային բռնության զոհերի պաշտպանությունը լիարժեք չի արվում, որոշ գործողություններ արվել են, որոշները՝ ոչ: Հիմնականում գործողությունները արվել են ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ»,- ասել է «Կանանց ռեսուրսային կենտրոն»֊ի համահիմնադիր Գոհար Շահնազարյանը: Նրա խոսքով՝ գենդերային բռնության զոհերի պաշտպանության լավագույն մեխանիզմը գենդերային բռնության դեմ առանձին օրենքի ընդունումը կլիներ:

«Ընդհանուր առմամբ պլանավորած գործողությունները կատարվել են, սակայն որոշակի վերապահումներով` կան վերապատրաստումներ, որոնք ֆինանսավորման պակասի պատճառով չեն արվել, բացի այդ, ուսուցիչների և աշակերտների համար նախատեսված վերապատրաստումները ասվում է, որ արվել են, բայց մասնակցիներին գտնելը անհնար է», ֊ նշել է Ազնաուրյանը:

Վերջինս ընդգծել է, որ քաղաքացիական ծառայողների համար արված վերապատրաստումները, նրանց իսկ խոսքերով, շատ բան չեն տվել իրենց և իրականում գենդերային տեսանկյունից անօգուտ են եղել:

Արմենուհի Թանաշյանը խոստովանում է, որ սայլը տեղից դանդաղ է շարժվում, պատճառը, ըստ նրա, ֆինանսական է․ «Եթե մենք ունենանք լուրջ մասնագիտացված ծառայություններ՝ սկսած խորհրդատվությունից մինչեւ բռնության ենթարկվածների համար ապաստարաններ, մեր աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի»:

Արդյո՞ք ՀՀ կառավարությանը ֆինանսներն էին պակասում Գենդերային բռնության դեմ պայքարի 16 օրյակի ընթացքում պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու համար, թե՞ այս դերը միայն միջազգային կառույցներին և օտարերկրյա դեսպաններին է վերապահված, հարց է բարձրացնում Արման Ղարիբյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ