Home / Տեսանյութեր / «Եթե նորմալ կին է»․ Ընտանեկան բռնության մասին օրենքի կարիք չկա, վստահ են ՀՀԿ֊ականները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Եթե նորմալ կին է»․ Ընտանեկան բռնության մասին օրենքի կարիք չկա, վստահ են ՀՀԿ֊ականները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-ում մեծամասնությունը ներկայացնող ուժի՝ ՀՀԿ խմբակցության անդամները չեն գտնում, որ Հայաստանում կանանց դեմ իրականացվող ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր է և դրա դեմ պայքարելու համար օրենք ընդունելու անհրաժեշտություն կա: Այսօր Epress.am-ը թեմայի շուրջ հարցում է անցկացրել ԱԺ-ում:

ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը, մասնավորապես, նշել է, որ ինքը չի ցանկանում այդ թեմային անդրադառնալ:

«Հայաստանում այնքան ավելի մեծ խնդիրներ կան, որ եթե ես դրանից խոսեմ, կասեն՝ գիժ է էս մարդը», – ասել է Գեղամյանը:

ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանն ասել է, որ բռնությանը դեմ է, եթե կինը «նորմալ կին է»:

«Ո՞վ կուզի՝ կնոջը ծեծի, երեխաները նեղվեն: Իհարկե, կան մարդիկ, մեր թաղում նման դեպքեր կային, որ չեն կարողանում ուժեղների հետ, իրենց տանը՝ կնոջ վրա են ամեն ինչ թափում, աման են ջարդում: Բայց եթե կինը բարոյական չէ, դավաճանում է, կարելի է ոչ միայն ծեծել, այլև բաժանվել»,-ասել է Մհեր Սեդրակյանը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ իր շրջապատում կանանց դեմ բռնության խնդիր չկա, քանի որ «հայերը մայրապաշտ ազգ են»: 

Մեծամասնությունը ներկայացնող պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն ասել է, որ անձամբ ինքը բռնության երբեք չի ենթարկվել, ուստի չգիտի՝ ինչ խորհուրդ տալ, ինչպես դրա դեմ պայքարել:

ԲՀԿ֊ական պատգամավոր Էլինար Վարդանյանը նշել է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար լրացուցիչ լծակներ չեն խանգարի, և ինքը կողմ է նման օրենք ունենալու գաղափարին։

Հարցման մասնակիցների կարծիքները՝ տեսանյութում․