Սկեսրոջ և ամուսնու կողմից 10 ամիսների ընթացքում ծեծի և խոշտանգումների ենթարկված Մարիամ Գևորգյանը պահանջում է իր կրած զրկանքերի համար բարոյական և ֆիզիկական վնասի փոխհատուցում: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Գևորգյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը:
Կնոջը ծեծած սկեսուրի և ամուսնու դեմ հարուցված քրեական գործից փոխհատուցման մասին քաղաքացիական պահանջն ավելի վաղ առանձնացվել էր և քննվում է առանձին՝ Արարատի և Վայոց Ջորի ընդհանուր իրավասության դատարանում՝ Ելենա Քոչարյանի վարույթում:
Գևորգյանի կողմը դժգոհ է անցկացված դատաբժշկական փորձաքննությունից, որը, ըստ կողմի, ոչ միայն որոշ հարցերի տվել է շատ կողմնակալ պատասխաններ, այլևս իսպառ բաց է թողել կարևոր հարցադրումներ: Այսպես՝ փորձագիտական եզրակացության համաձայն՝ հնարավոր չէ վերականգնել Մարիամ Գևորգյանի կրած մարմնական վնասվածքները: «Մենք դիմել ենք բազում բժշկական հաստատություններ, և նրանք հայտնել են, որ Մարիամ Գևորգյանի մարմնական վնասվածքները հնարավոր է վերականգնել»,- ասել է Մուրադյանը:
Ըստ փաստաբանի՝ դատարանը հնարավորություն է տվել ապացուցել, որ վնասվածքների վերականգնման հնարավորություն կա, և դա, Մուրադյանի խոսքով, առաջին քայլն է: Հետագայում պետք է չափվի՝ որքան է արժենալու ֆիզիկական վնասվածքների վերականգնումը, որպեսզի կազմվի փոխհատուցման չափը:
Ինչ վերաբերում է բարոյական վնասին, փաստաբանն ասել է, որ այդ համակարգը Հայաստանում չի գործում: «Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Հայաստանում բարոյական վնասի մասին օրենսդրության բացակայությունը հակասահմանադրական է»,- ասել է Մուրադյանը:
Հիշեցնենք, որ Գևորգյանի սկեսուր Հայկանուշ Միքայելյանը դատապարտել է 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ժամկետի 1/3-ը հանվել է: Այս դատական ակտը վերաքննիչ դատարանը ևս անփոփոխ է թողել:
Լուսանկարը՝ «“Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության” կոալիցիա»-ի