Home / Տեսանյութեր / Սպանված կնոջ հարազատները չեն հավատում, թե ամուսինը «հուզական վիճակում» էր

Սպանված կնոջ հարազատները չեն հավատում, թե ամուսինը «հուզական վիճակում» էր

Կնոջ սպանության մեջ մեղադրվող Արսեն Առաքելյանը դատարանում ընդունել է իր մեղքը, սակայն պնդել է, որ կնոջը դանակահարել է «հոգեկան ոչ կայուն վիճակում»։

Այսօր Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Մուսալեռի բնակչուհի Լուսինե Դավթյանի գործով առաջին դատական նիստը, որի ժամանակ հարցաքննվել է նրա ամուսինը՝ ամբաստանյալ Արսեն Առաքելյանը։ Այս մասին Epress.am-ին հայտնել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից ստեղծված Արագ արձագանքման խմբի համակարգող Լիդա Մինասյանը։

Լուսինե Դավթյանը սպանվել է 2013թ. օգոստոսին դանակի բազմակի հարվածներից։ Կնոջ սպանության տեսարանին ականատես են եղել 15-ամյա դուստրը և 5-ամյա որդին: Հարազատների պնդմամբ՝ Լուսինեն պատրաստվում էր ամուսնալուծվել, նույնիսկ արդեն հեռացել էր տնից, սակայն դեպքից անմիջապես առաջ ամուսնու եղբոր խնդրանքով վերադարձել էր Արսենի տուն՝ զրուցելու:

Այսօր դատարանում ամբաստանյալը պնդել է, որ կնոջը դանակահարել է «հուզական վիճակում» և այդ քայլին չէր գնա, եթե կինը չհրահրեր։ Մինչդեռ, հարազատների խոսքով, դանակը, որով սպանվել է Դավթյանը, երկար ժամանակ ամուսնու ծոցագրպանում է եղել։ Այսօր դատարանի բակում հավաքված Լուսինեի հարազատները մտավախություն են հայտնել, որ ամբաստանյալի փաստաբանը փորձելու է փաստաթղթերի կեղծման միջոցով հասնել նրան, որ Արսեն Առաքելյանին անմեղսունակ ճանաչեն, մինչդեռ, հարազատների խոսքով, դրա համար հիմքեր չկան։ Բացի դրանից, տուժողի հարազատները պնդել են, որ ամբաստանյալի՝ ոստիկանություն ինքնակամ ներկայանու մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և որ նա իրականում բերման է ենթարկվել։

Այսօրվա դատական նիստին վկաներ չեն հարցաքննվել։ Հաջորդ դատական նիստը կայանալու է ապրիլի 9-ին։

Լուսինեի հայրը՝ Ռուբեն Դավթյանը, ավելի վաղ պատմել էր, որ տարիների ընթացքում մի 3 անգամ է փեսան աղջկան ծեծել, մինչդեռ Լուսինեի մտերմուհին և հարևանուհին այլ բան են պատմել.

«Լուսինեն պարզապես ծնողներին շատ բան չէր ասում, բայց ինձ հետ կիսվում էր, համարյա ամեն օր Արսենը մի սթից բանի պատճառով խոսում էր Լուսինեի վրա: Ասենք՝ մոռանար աղը սեղանին դնել, կամ դանակ-պատառաքաղը ուշացներ՝ կռիվ էր սարքում: Պատահել է, ձմռան ցրտին գրկի էրեխու հետ տանից դուրս է հանել, իբր՝ պատժում է, Լուսինեին մի ոտի վրա ժամերով անկյուն է կանգնացրել: Ո՞րն ասեմ»:

Լուսինեի հոր ներկայացմամբ էլ փեսան խմող չի եղել, բայց ծանր «խասյաթ» ուներ. չէր թողնում կինը տանից դուրս գար, հարևանների հետ շփվեր, արգելել էր որևէ տեղ կինն աշխատի, միայն պահանջում էր, որ Լուսինեն իր հետ գնա պղինձ, երկաթ ու շիշ հավաքելու: Ընտանիքը յոլա էր գնում նպաստով, ամուսնու վաճառած երկաթի ու շշի եկամուտով, բայց հիմնականում օգնում էին Լուսինեի ծնողները: