հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Բախտագուշակ Վարսիկը որդու գործով դատին չներկայացավ․ ցուցմունք տվեց նրա ամուսինը

Բախտագուշակ Վարսիկը որդու գործով դատին չներկայացավ․ ցուցմունք տվեց նրա ամուսինը

Կնոջը 9 տարի շարունակ ծեծելու, հոգեբանական և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ մեղադրվող 33-ամյա Սարգիս Հակոբյանի գործով այսօրվա դատական նիստին ցուցմունք է տվել ամբաստանյալի հայրը՝ Համլետ Հակոբյանը, ով պնդել է, որ իր որդին ու հարսը՝ Հասմիկ Խաչատրյանը, «հաշտ ու համերաշխ են ապրել», և Սարգիսը երբեք կնոջ վրա ձեռք չի բարձրացրել։ Ավելին՝ Համլետ Հակոբյանը մեղադրանքներ է հնչեցրել հարսի հասցեին՝ հայտարարելով, որ նա պարբերաբար ծեծում էր երեխաներին։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը՝ նշելով, որ վկայի ցուցմունքը չափազանց արհեստական է հնչել։

Սարգիս Հակոբյանի մայրը, ով Գավառում հայտնի է որպես բախտագուշակ Վարսիկ, ինչպես նախորդ, այդպես էլ այս նիստին չի ներկայացել։ Նրա բացակայությունը պատճառաբանվել է նրանով, որ նա՝ որպես ամբաստանյալի մերձավոր ազգական, իրավունք ունի հրաժարվել ցուցմունքից։ Հիշեցնենք, որ նախորդ նիստին Հակոբյանների ընտանեկան բժիշկը գրություն էր ներկայացրել, որի համաձայն՝ Հակոբյանի մայրը տառապում է սկլեռոզով և չի կարող ցուցմունք տալ։

Այսօրվա նիստին ցուցմունք է տվել նաև Հասմիկ Խաչատրյանի հորեղբոր աղջիկը՝ Գոհար Խաչատրյանը, ով հաստատել է, որ Հասմիկը պարբերաբար ամուսնու կողմից ծեծի է ենթարկվել։

Հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 2-ին, դատարանում ցուցմունք է տալու ամբաստանյալը։ Դատարանը հրավիրել է նաև փորձագետների, ովքեր պետք է ներկայացնեն փորձաքննությունների արդյունքները։

Բացի դրանից, մեղադրյալի ներկայացուցիչը միջնորդել է, որպեսզի հարցաքննվեն իրենց կողմից հրավիրված վկաները։ Դատարանը միջնորդությունը բավարարել է։ Հասմիկ Խաչատրյանի փաստաբանն Epress.am-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ այս վկաների ցուցմունքները ևս արհեստական են լինելու, քանի որ նրանք հիմնականում բախտագուշակ Վարսիկի հաճախորդներն են, ու փորձելու են արդարացնել նրա որդուն։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Հասմիկ Խաչատրյանը մանրամասն պատմել էր ծեծի երեք դեպքի մասին, որոնք տեղի են ունեցել 2013 թվականի մայիսի 5-ին, նույն ամսվա վերջին և հունիսի 12-ին: Վերջին դեպքից հետո կինը փախել է ամուսնու տանից: Մայիսի 5-ին ամուսինը հարվածել է կնոջ գլխին, ականջին, պահել սառը և տաք ջրի տակ։ Մոտ մեկ շաբաթ, ըստ տուժողի ցուցմունքի, նա անկողնային վիճակում է եղել ու իրեն թույլ չեն տվել տեսակցել հորը վերջինիս ծննդյան օրը՝ մայիսի 12-ին։ Մայիսի վերջին ամուսինը կրկին հարբած է տուն եկել, հարցրել՝ արդյոք կինը գիտի, որ ինքը «լավ տղա է», և ծխախոտը հանգցրել է Հասմիկի ձեռքին։ Հունիսին էլ Հասմիկին ծեծել է ոչ միայն ձեռքերով ու ոտքերով, այլև աթոռով։

Խաչատրյանի ծնողները ևս ցուցմունքներ էին տվել՝ հաստատելով, որ ընտանիքում վեճերը պարբերաբար են եղել, որ աղջիկը անընդհատ փախել-եկել է հայրական տուն, սակայն հետագայում միշտ միացել է ամուսնու հետ, քանի որ երեխաներ ուներ։  

Լուսանկարում՝ գործը քննող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյան