Հայաստանի հասարակությունն անհանդուրժող է սեռական փոքրամասնությունների և ծանր հանցագործություններ գործած անձանց նկատմամբ: Այս մասին վկայում են «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի 1300 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները։
Դրանց արդյունքներն այսօր լրագրողներին ներկայացրել է կազմակերպության փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը։
Հարցումը վերաբերվել է Հայաստանում մարդու իրավունքներին: Հարցվածների 56 տոկոսն ասել է, որ Հայաստանում օրենքները չեն կիրառվում:
Հարցման թեմաներից մեկը փոքրամասնությունների իրավունքներն են եղել. մարդկանց հարցրել են՝ արդյոք Հայաստանում փոքրամասնություններին ավելի շատ իրավունքներ ու արտոնություններ պետք է տրվեն, քան նրանք ունեն այս պահին:
Հարցվածների մեծ մասը կողմ է եղել նրան, որ ազգային փոքրամասնություններն արտոնություններ ունենան, իսկ սեռական փոքրամասնությունների իրավունքները՝ սահմանափակվեն:
Քանի կրոնական կազմակերպություն պետք է գործի Հայաստանում հարցին՝ հարցվածների 63.8 տոկոսը պատասխանել է՝ միայն մեկը՝ Հայ առաքելական եկեղեցին: 10.5 տոկոսը գտել է, որ եղած կրոնական կազմակերպությունների թիվը պետք է պահպանվի:
Ըստ Տիգրանյանի՝ հասարակությունը կարեկցանքով է վերաբերվում հաշմանդամություն ունեցող անձանց, քանի որ հարցվածների մոտ 90 տոկոսն ասել է, որ կողմ է հաշմանդամություն ունեցող անձանց համար պայմանների բարելավմանը: Միևնույն ժամանակ, հարցվածների 31.5 տոկոսը դեմ չէ, որ ծանր հանցագործության հոդվածով դատապարտված մարդիկ կալանավայրերում անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի արժանանան: