Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական հանձնաժողովը համագործակցության մասին նոր համաձայնագիր են կնքել՝ միտված աջակցելու Արևելյան գործընկերության վեց երկրներում «մարդու իրավունքների, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության զարգացմանը»։
Ինչպես նշված է Եվրոպայի խորհրդի հաղորդագրության մեջ, համաձայնագիրը նախատեսում է 2015֊2017թթ․ տրամադրել 33,8 միլիոն եվրո՝ Արևելյան գործընկերության երկրներում՝ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, համատեղ նախագծերի ֆինանսավորման համար։
Հաղորդագրության մեջ ասված է՝ «Արևելյան գործընկերության երկրներում նախագծերի ֆինանսավորման զգալի աճն արտացոլում է անցյալում նման նախագծերի դրական արդյունքները»։
Համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 18֊ին Բրյուսելում՝ ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով տնօրինության ղեկավար Միքայել Քյոհլերի կողմից։