Վրաստանի խորհրդարանի պատգամավորները, որոնք սատարել են քաղաքացիներին գաղտնալսելու մասին նոր օրենքը, Ամանորի նախաշեմին նվեր են ստացել փշալարի տեսքով ֆլեշ կրիչներ՝ լի տոնական երգերով։
«Էխո Կավկազա» կայքի փոխանցմամբ՝ «Սա քեզ վերաբերում է» արշավի մասնակիցներն այսպիսով պահանջում են վերանայել «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքը, որի համաձայն՝ քաղաքացիների անձնական տվյալների «բանալիներից» մեկը պետք է թողնել Ներքին գործերի նախարարությունում։
Պաստառի վրա՝ «Դադարե՛ք գաղտնալսել քաղաքացիներին։ Երաժշտություն լսեք»
Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Աննա Նացվլիշվիլին, ասել է․ «Որոշել ենք այս ակցիայի միջոցով շնորհավորել պատգամավորների Նոր տարին ու նրանց հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ նրանք ստանձնել են՝ ընդունելով այդ օրենքը։ Ֆլեշ կրիչներից բացի, նրանց նաև բացիկներ ենք ուղարկել՝ «Քաղաքացիներին մի՛ գաղտնալսեք, ականջ դրեք նրանց ձայներին» գրությամբ։
Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպության վրաստանյան մասնաճյուղի ղեկավար Էկա Գիգաուրիի խոսքով՝ իրենց քաղաքացիների խոսակցությունները գաղտնալսելով՝ կառավարությունը շարունակում է նրանց ընկալել որպես պոտենցիալ հանցագործների։ Գիգաուրին հայտնել է, որ հունվարի վերջին հայց է ներկայացվելու Սահմանադրական դատարան։ «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքը, նրա խոսքով, պատրաստվում է բողոքարկել նաև Վրաստանի Հանրային պաշտպանը։
Բացի դա, իրավապաշտպանները մտադիր են օրենքի իրենց տարբերակը ներկայացնել․ «Երևում է՝ մենք պետք է հանրությանն ավելի արդյունավետ կերպով տեղեկացնեինք։ Շատերն այժմ կարծում են, որ մենք ընդհանրապես դեմ ենք՝ ՆԳՆ֊ը գաղտնալսի քաղաքացիներին։ Իրականում, սակայն, նոր օրինագծի համաձայն, որի վրա մենք աշխատում ենք, ՆԳՆ֊ն իրավունք կունենա գաղտնալսել միայն այն քաղաքացիներին, որոնք կասկածվում են անօրինական գործողություններ կատարելու մեջ»,֊ ընդգծել է իրավապաշտպանը։
Լուսանկարը՝ Էկա Կեվանիշվիլիի (RFE/RL)