Հայաստանում տարիներ շարունակ գրեթե չեն գործում պատժից վաղաժամկետ ազատման ինստիտուտը և պատժի հետ անհամատեղելի ծանր հիվանդությունների հիմքով վաղաժամկետ ազատման համակարգը։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Հասմիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ վերջին 1-1.5 տարվա ընթացքում պայմանական վաղաժամկետ ազատված մարդկանց թիվը կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել։
«Օրինակ, վերջին մեկուկես տարվա ընթացքում «Աբովյան» ՔԿՀ֊ում պատժից վաղաժամկետ ազատվել է 3 մարդ, «Վարդաշեն» ՔԿՀ֊ում մարտից սկսած ոչ ոք չի ազատվել, թեև միջնորդություններ եղել են», ֊ ասել է Հարությունյանը։
Դիտորդը նշել է, որ անկախ հանձնաժողովը միջնորդությունները հիմնականում մերժում է, և ՔԿՀ֊ների վարչությունը հաճախ որոշում է դրանք ընդհանրապես չներկայացնել՝ համոզված լինելով, որ, միևնույն է, պատասխանը բացասական է լինելու։
Խնդիրը, ըստ Հարությունյանի, նաև այն է, որ կա բանավոր հրահանգ որոշ հոդվածների առկայության դեպքում, օրինակ՝ սպանություն, խարդախություն, թմրամիջոցների շրջանառության հետ կապված որոշ հանցատեսակներ, վաղաժամկետ ազատ արձակելու մասին օրենքը չկիրառել։ Միևնույն ժամանակ դիտորդը նշել է, որ եղել են դեպքեր, երբ օրենքը գործել է խտրական մոտեցմամբ, այսինքն՝ որոշ անձանց պարագայում այն կիրառվել է։
Բանախոսն ընդգծել է, որ օրենքի չգործելու պատճառներից մեկն էլ չափանիշների բացակայությունն է։ Հաճախ ազատման միջնորդությունը մերժում են՝ «նպատակահարմար չենք գտնում հարցին դրական պատասխան տալ» ձևակերպմամբ։ Թե ինչ հիմքով է որոշվում նպատակահարմարությունը, հայտնի չէ։
Հիշեցնենք, որ վաղաժամ պայմանական ազատման հանձնաժողովն այս ամիս հավանություն է տվել Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդի Դավիթ Վարդանյանի դիմումին: Վարդանյանն ազատ է արձակվել դատավճռի հրապարակումից մոտ 3 ամիս անց: Այս տարվա սեպտեմբերին նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի (մաքսանենգություն) 2-րդ մասով և 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասով և դատապարտվել 4 տարի 6 ամսվա ազատազրկման:
Վաղաժամ պայմանական ազատման խնդիրը բազմիցս բարձրացրել են նաև ԱԺ պատգամավորները, իսկ դատապարտյալների ծնողները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են անցկացրել։