«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2013թ-ի ընթացքում ստացել է շուրջ երեք տասնյակ դիմում-բողոք հայաստանյան ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող դատապարտյալներից:
Բողոքների հիմնական մասը վերաբերում է վաղաժամկետ ազատ արձակման խնդրին: Դատապարտյալները բողոքում են նաև բժշկական պատշաճ ծառայությունների բացակայությունից:
Կան դատապարտյալներ, ովքեր ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել ոստիկանության բաժնում խոշտանգումների ենթարկվելու արդյունքում։ Նրանք իրավապաշտպան կազմակերպությանը խնդրում են աջակցել Եվրոպական դատարան դիմելու հարցում, իրենց դատավարությունների ընթացքում տեղի ունեցող խախտումները գրանցելու նպատակով դիտորդ ուղարկելու հարցում:
«Հելսինկյան ասոցիացիան»-ն Epress.am-ին տրամադրել է նամակներից մի քանիսը, որոնցից հատվածներ ենք ներկայացնում.
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Նորիկ Մարգարյան
«Ասացի, որ ես մի գողություն եմ կատարել շինությունից՝ գոջի եմ գողացել, մյուս գողություններից կուրսի չեմ, իսկ Փայլակն ինձ սկսեց ծեծել։ Ես, վախենալով առողջությունից, որովհետև տանը ունեմ փոքր երեխաներ՝ 4 և 5, 5 տարեկան ու նրանց պիտի մեծացնեմ, օպեռի ու քննիչի թելադրանքով գրեցի ցուցմունքը։ Ամբողջ գիշեր պահեցին «աբիզյաննիկում», առավոտյան կինս եկավ ու ինձ ծեծված տեսավ, հետո տարան դատաբժշկի մոտ, քննիչն ինձ ասեց, որ բժշկին ասեմ վնասվածքները տանն եմ ստացել, ես էդպես էլ արեցի։
Հիմա հացադուլի մեջ եմ, երեք ամիս առաջ բողոք եմ գրել գլխավոր դատախազին, պատասխանն եկավ, որ հատուկ գործերով քննիչը գրել էր, թե ես խաբում եմ։ Ես նրանց ուղարկել էի մի սկավառակ, որում պարզ երևում ա, որ վարչությունում ոչ մի վնաս չունեմ դեմքիս։ Քննիչը կեղծել ա փաստաթղթերը՝ իբր ես ծեծված եմ բռնվել ու ոչ մի փաստ հաշվի չի առել»։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Տավրոս Ոսկանյան
«Ցանկանում եմ հայտնել ամենայն պատասխանատվությամբ, որ այդ երկաթե ձողերը շատ երկար ժամանակ է, ինչ գտնվում են իմ ստամոքսում, դուրս չեն գալիս բնական ճանապարհով, ես շարունակաբար ունեմ սաստիկ ցավեր, չեմ կարողանում նորմալ սնվել, իմ քաշը 59 կգ-ից նվազել է 54-ի , ձեռք եմ բերել մարսողականության խրոնիկ խանգարում։ Նշեմ, որ այդ ամենի մասին գրավոր տեղեկացրել եմ իմ գործը քննող դատարանին՝ հայտնելով, որ վատառողջ եմ և այդ պատճառով ի վիճակի չեմ լինի նորմալ մասնակցել դատական նիստերին և հատկապես պաշտպանվել, քանի որ չեմ կարողանում կենտրոնանալ ցավերի պատճառով։ Խնդրում եմ օգնել ինձ և միջնորդել, որպեսզի ինձ տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ստացիոնար բուժման»։
«Նուբարաշեն» ՔԿՀ- կալանավոր Արմեն Կաբալյան
2013 թվականի հոկտեմբերի 1-ին ինձ նախկինում հարուցած քրեական գործով, որը նույնպես բազմիցս հետաձգվել է, դատապարտել են 9 տարվա ազատազարկման՝ հաշվի չառնելով այն կարևոր ու առկա հանգամանքները, որը կապված է նախաքննական մարմինների՝ քննիչի կողմից կեղծած արձանագրությունների հետ, ու իրեղեն ապացույց դանակը փոխարինելով մեկ այլ դանակի հետ։ Միջնորդություն եմ ներկայացրել այդ կապակցությամբ՝ նշանակել ձեռագրաբանական փորձառություն և կանչել փորձագետի, սակայն դատարանը մերժել է, ասելով, որ ես դիմեմ Հատուկ քննչական ծառայություն։ Դիմել եմ ՀՔԾ և գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով անգամ կեղծած արձանագրությունները։ Պատասխան եմ ստացել՝ «նման որոշում չենք ստացել դատարանից, այդ իսկ պատճառով դիմումը ուղարկվում է դատարան»։
Վանաձոր ՔԿՀ-ի դատապարտյալ Արմեն Ղազարյան
«Հայտնում եմ իմ նկատմամբ շարունակական բնույթ կրող անօրինականության մասին, ոտնահարել են իմ բոլոր իրավունքները, խախտվել սահմանադրական կոնվենցիայի բոլոր նորմերը և ամենակարևորը՝ հաշվի չեն առել ընտանիքիս կարգավիճակը։
Ունեմ տարեց մայր, կին, որը մշտական աշխատանք չունի և դուստր, որը երկու տարեկան, չորս ամսական է, իսկ հայրս մահացավ և ընտանիքիս խնամքը մնաց իմ վրա։ Ուրիշի գործերի համար ինձ դատապարտել են 10 տարվա ազատազրկման, ձերբակալել են, 1 օր անօրինական տարբեր միջոցներ կիրառել, ու վերջնական հիմնվեցին ընտանիքիս վրա, որ կբերեն ու հետս կդատեն իմացող-թաքցնողներին։ Քանի որ ես իմ արժանապատվությունն ու հարգանքը ամեն ինչից վեր եմ դասում՝ այդ իսկ պատճառով ասացի՝ վերցնեմ ինձ վրա որոշակի գործեր ու նշեցի, որ թեթև գործեր լինեն, որպեսզի քաղհայցը շատ չլինի, ինձ խոստացան, որ այդպես էլ կլինի։ Եղավ հակառակը՝ ներկա պահին երկու քաղհայց կա ինձ վրա, որի գումարը կազմում է 10 միլիոն, ու ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ փաստին»։