Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում լուրջ խնդիր է շարունակում մնալ գերբնակեցման խնդիրը։ Այս մասին այսօր «Մեդիա-կենտրոնում» կայացած քնարկման ժամանակ ասել է Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։ Նրա խոսքով՝ այդ խնդիրը պայմանավորված է մի քանի գործոնով, և դրանցից հիմնականը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պրակտիկայի շարունակությունն է։ Սաքունցը նշել է, որ խափանման միջոցի ընտրության հետ կապված դատական նիստերը ձևական բնույթ են կրում։
Որպես ՔԿՀ֊ների գերբնակեցմանը նպաստող ևս մեկ խնդիր իրավապաշտպանը նշել է այն, որ պատիժների նշանակման ժամանակ արդարացման դատավճիռները շատ քիչ են։
«Ստացվում է՝ մեր նախաքննական մարմինները հիանալի աշխատում են», ֊ ասել է Սաքունցը՝ ընդգծելով, որ իրականում հարց է, թե ինչպես են ձեռք բերվում պապացույցները քննության ընթացքում։
Երրորդ գործոնը, ըստ իրավապաշտպանի, կապված է գոյություն ունեցող կարգը խախտելու հետ։
«Կա մի կանոն՝ եթե չունես տեղ (ՔԿՀ-ներում – Epress.am), չպետք է ընդունես։ Եթե դատըապարտվածի համար օրենքով սահմանված է առնվազն 4 քմ․, կարգը չպետք է խախտել»,֊ ասել է նա։
Իրավապաշտպանը նշել է, որ որոշ երկրներում թեթև հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված անձինք սպասում են իրենց հերթին, ինչը նաև տվյալ մարդկանց վարքագիծը փոխելու հնարավորություն է ընձեռում և կարող է կանխել կրկնահանցագործությունները։
ՀՀ Ոստիկանության հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը, անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու զանգվածային պրակտիյաին, հայտարարել է, որ դատարանն իրավունք ունի մերժել քննիչի միջնորդությունը և փոխել խափանման միջոցը։ Նա վստահեցրել է, որ պրակտիկայում նման դեպքեր կան, սակայն վիճակագրություն ներկայացնել հրաժարվել է, քանի որ, նրա խոսքով, դա ոստիկանության գործառույթի մեջ չի մտնում։ Նա հույս է հայտնել, որ պետական մարմինները «որոշակի կաշկանդվածություն» չեն ունենա քննիչի միջնորդությունը փոխելու հարցում։ Հարցին, թե ինչ կաշկանդվածության մասին է խոսքը, «այսինքն՝ քննիչին դժվա՞ր է մերժում դատարանը», փոխգնդապետը պատասխանել է, որ դատարանը կարող է ավելի բազմակողմանի քննություն իրականացնել։
Դատարանի կողմից քննիչների միջնորդությունը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը։ Նրա խոսքով՝ 2013թ վիճակագրության համաձայն՝ 97% դեպքերում կալանքը որպես խափանման միջոց դատարանի կողմից հաստատվել է և միայն 3% դեպքերում՝ փոխարինվել խափանման այլ միջոցով։