Ոստիկանության երեք նախկին աշխատակիցներ, որոնք թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության պահին՝ 2007 թվականին, աշխատում էին Տրապիզոնի ոստիկանության հետախուզության վարչությունում, ասել են, որ Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության ներկայիս պետը՝ Էնգին Դինչը, Դինքի սպանությունը չկանխելու գլխավոր պատասխանատուն է, հայտնում է Today's Zaman պարբերականը։
Դինչը 2007֊ին զբաղեցնում էր Տրապիզոնի ոստիկանության հետախուզության վարչության պետի պաշտոնը։ Դինչի ենթակայության տակ աշխատած ոստիկանները՝ Էրջան Դեմիրը, Օզքուն Մումջուն և Մյուհիթին Զենիթը, վերջերս ձերբակալվել էին Դինքի սպանության քննության ժամանակ անփություն ցուցաբերելու մեղադրանքով։ Taraf պարբերականը երկուշաբթի հաղորդել է, որ Դեմիրն իր ցուցմունքում ասել է․ «Ոստիկանության նահանգային բաժիններին կասկածյալների մասին հայտնելն ու նրանց դեմ գործողություններ ձեռնարկելն Էնգին Դինչի պատասխանատվությունն էր»։
Զենիթը, իր հերթին, ասել է․ «Դինչն ու նրա հանցակիցները դավադրություն են կազմակերպել իմ դեմ՝ ստիպելով զանգահարել Էրհան Թունջելին»։
Ավելի վաղ ԶԼՄ֊ներում հայտնվել էր Զենիթի և Տրապիզոնի ոստիկանության իրազեկիչ Էրհան Թունջելի միջև հեռախոսազրույցի ձայնագրություն, համաձայն որի՝ Զենիթը նախապես տեղյակ էր Դինքին սպանելու դավադրության մասին։
Today's Zaman֊ը գրում է, որ դեռևս հայտնի չէ՝ արդյոք Դինչը կներգրավվի սպանության գործում որպես կասկածյալ։ Taraf֊ում անցած շաբաթ հրապարակված հոդվածի համաձայն՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաները որոշել են թույլ չտալ հետապնդում Դինչի նկատմամբ, թեև Տրապիզոնի ոստիկանության աշխատակիցների ցուցմունքը վկայում է սպանության դավադրությանը նրա մասնակցության մասին։
Հիշեցնենք՝ Ստամբուլում հայերեն ու թուրքերեն լեզուներով հրապարակվող «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամասթի կողմից։ Վերջինս դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Սամասթին սպանությունը պատվիրած Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ ազգայնական Էրհան Թունջելը, ում մեղադրում էին սպանությունը պատվիրելու մեջ, արդարացվել է:
2014 թվականի նոյեմբերին Սամասթը նոր ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ սպանության հետևում կանգնած են Տրապիզոնի այն ժամանակվա ոստիկապանապետ Ռամազան Աքյուրեքն ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության այն ժամանակվա պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը։