«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել դատապարտյալ Արմեն Հակոբյանը: Այս մասին Epress.am-ին հայտնել է դատապարտյալի մայրը՝ Լուսաբեկ Հակոբյանը: Հացադուլ անելու պատճառն այն է, որ Հակոբյանը տառապում է մենինգոէնցեֆալիտ հիվանդությամբ, որը ձեռք է բերել կալանավայրում: Հակոբյանի մոր խոսքով՝ որդուն վիրահատել են, սակայն դեռ բուժումը չավարտած՝ դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխել են Վանաձորի ՔԿՀ:
«Բանն այն է, որ «Վանաձոր» ՔԿՀ-ն անգամ բժիշկներ չունի, ունի միայն բուժակներ»,- ասել է Հակոբյանը:
Դատապարտյալն ունի բժիշկ Երևանում, սակայն վերջինս հրաժարվում է անհրաժեշտ հաճախականությամբ գնալ Վանաձոր՝ հիվանդին զննելու: Գլխի վիրահատությունից հետո Հակոբյանը պետք է պարբերաբար անալիզներ հանձնի և անցի մագնիսա֊ռեզոնանսային տոմոգրաֆիա, ինչը տեխնիկապես անհնար է անել «Վանաձոր» ՔԿՀ-ում:
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ Արմեն Հակոբյանը վիրահատվել է, երկար ժամանակ գտնվել է բժիշկների հսկողության տակ, և նրա առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հիման վրա հանձնաժողովը որոշել է, որ դեղորայքային բուժումը կարող է շարունակել կալանավայրում։