հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Սպանության գործով անչափահաս վկային 2 օր պահել են ոստիկանությունում

Սպանության գործով անչափահաս վկային 2 օր պահել են ոստիկանությունում

15֊ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ մեղադրվող վանաձորցի Կարեն Կունգորցևի գործով անցնող վկաները շարունակում են դատարանում ցուցմունք տալ: Նշենք, որ նախաքննության փուլում անչափահաս վկաների հարցաքննության ժամանակ խախտվել են նրանց իրավունքները, մասնավորապես, փաստաբանի կամ ծնողի ներկայությամբ ցուցմունք տալու իրավունքը:

Երեկ դատարանում ցուցմունք տված անչափահաս Ռ.Ս.-ն ոստիկանությունում պահվել է 2 օր: Ըստ Կունգորցևի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանի՝ այդ ընթացքում վկային «մշակել են»: Նա մի փոքր տարբերություններով դատարանում կրկնել է իր նախաքննական ցուցմունքը՝ ասելով, որ եղել է դեպքի վայրում և տեսել է Կունգորցևին այնտեղ։ Վերջինս, սակայն, դա հերքում է: Փաստաբանի փոխանցմամբ՝ կան այլ վկաների ցուցմունքներ այն մասին, որ Ռ.Ս.-ն չի եղել ծեծկռտուքի տարածքում: Մյուս երկու վկաները, որոնք ևս նախաքննության ընթացքում ցուցմունք էին տվել Կունգորցևի դեմ, դատարանում երեկ ասել են, որ իրենց ցուցմունքը քննիչն է գրել։ Երբ նրանց ցույց են տվել ցուցմունքները, վկաներն ասել են, որ սխալ էին հիշում՝ հաստատելով, որ ցուցմունքներն իրենց ձեռագրով են գրված: Նրանք պնդել են նաև, որ դեպքի վայրում չեն եղել և դեպքի մասին իմացել են իրենց ընկերների պատմածներից:

Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկում ցուցմունք տված վկա Գևորգ Ավագյանն ասել էր, որ Կունգորցևի դեմ ցուցմունք տալ իրեն ուղղորդել է ոստիկանը: Ավագյանի խոսքով՝ ոստիկանությունում իրեն ցույց են տվել Կարեն Կունգորցևի նկարը և ասել, որ հենց նրան պետք է մատնանշի:

«Ասեցին՝ ձեզ չորս հատ նկար ցույց կտան, էս մարդու նկարն էլ կլինի դրանց մեջ, հենց դա ցույց կտաք»,- պատմել է Գևորգ Ավագյանը: Մեկ այլ վկա էլ հրաժարվել էր ցուցմունքներից՝ ասելով, որ ինչ գրել է նախաքննական ցուցմունքում՝ հորինել էր:

Կարեն Կունգորցևը չի ընդունում ոչ իրեն ի սկզբանե մեղսագրված արարքը՝ Դավիթ Հովակիմյանի սպանությունը, ոչ էլ դեպքից 10 ամիս անց փոփոխված՝ սպանության փորձի մեղադրանքը:

Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է արել: Մեղադրյալի մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը:

Կունգորցևի մեղադրանքը սպանությունից սպանության փորձի է վերաորակվել օգոստոսի վերջին։ Միևնույն ժամանակ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ընկերության բժիշկ Վլադիմիր Ղուկասյանին, ով կալանավորվել է։

Գործի մանրամասները՝ այստեղ: