4 տարի կալանքի տակ գտվող Հրաչյա Գևորգյանը բաց նամակով դիմել է լրատվամիջոցներին՝ նշելով, որ իր դեմ հարուցված գործը շատ է երկարում՝ դատախազների ու դատավորների անընդհատ փոփոխության, դատախազների չշտապելու և քննչական գործողությունները անհիմն չիրականացնելու պատճառով: Գևորգյանի փոխանցմամբ՝ այս ամենին ավելացել է նաև այն, որ իր օգտին ցուցմունք տված վկաների ձայնագրությունները Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատարանից կորել են։ Ըստ դատարանի՝ չորս ցուցմունքներ են կորել, իսկ մեկը չեն կարողանում լսել՝ «կոմպի կախելու պատճառով»:
«Արդեն 4 տարի է լինում, որ ես գտնվում եմ դատական քաշքշուկների մեջ, ներկայումս առողջական վատ վիճակով գտնվում եմ դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում, տարել եմ մեկ վիրահատություն՝ մեկ վիրահատություն էլ դեռ պիտի տանեմ, այս ամենի, նաև իմ առողջության քայքայման մեղավորը Մաշտոցի ՆԳ բաժանմունքի քրեականաի հետախուզության բաժնի նախկին պետ Արթուր Գևորգյանն է, և նրա գլխավորությամբ մի խումբ օպեռներ, որոնց խոշտանգումների, ծեծի, ջարդի պատճառով եմ այս օրն ընկել»,- գրում է Հրաչյա Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Գևորգյանը մեղադրվում է իր հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Նաիրա Հարությունյանին և վերջինիս անչափահաս որդուն պատանդ վերցնելու, պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից գումար պահանջելու մեջ:
«Դատավորի ու դատախազի ասելով՝ ոչ մի ձևովով չեն կարողանում բերման ենթարկել Նաիրա կոչվածին: Իբր թե չեն գտնում և չեն կարողանում բերման ենթարկել, բայց իրականում երեք դատախազին էլ, որոնք մեկը մյուսի ետևից փոխվում են անհասկանալի պատճառներով, ձեռք չի տալիս այդ մարմնավաճառի ներկայությունը դատարանում: Դատական նիստի ժամանակ անձամբ ես դատախազին ներկայացրի Նաիրա կոչվածի տվյալները և հեռախոսահամարները և այն սոցիակալան ցանցերը (odnoklassniki, mail.ru), որտեղ Նաիրան իր նկարներն է տեղադրել ու հեռախոսահամարները և զբաղվում է մարմնավաճառությամբ: Ես տրամադրեցի դատախազին այդ տվյալները, որպեսզի բերման ենթարկեն, բայց դատախազը ոչ ցանկացավ լսել և ոչ էլ ցանկացավ վերցնել տվյալները: Նույն ձևի էլ արդեն 4 տարի է, որ ոչ մի ձևով չեն ցանկանում գոնե մի անգամ բերման ենթարկել նախկին քրեականի բաժանմունքի պետ Արթուր Գևորգյանին, որը իմ գործով նույնպես տուժող է հանդիսանում, բայց ոչ մի անգամ չի ներկայացել դատարան»,- գործի մասին պատմում է Հրաչյա Գևորգյանը: