Home / Հայաստան / ԵԽԽվ֊ում հայաստանցիները ձեռնպահ են եղել Ռուսաստանին վերաբերող բանաձևի քվեարկության ժամանակ

ԵԽԽվ֊ում հայաստանցիները ձեռնպահ են եղել Ռուսաստանին վերաբերող բանաձևի քվեարկության ժամանակ

Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում կայացած քվեարկության արդյունքում Ռուսաստանը զրկվել է ԵԽԽՎ֊ի առաջատար մարմիններում ներկայացուցիչներ ունենալու հնարավարությունից։ ԵԽԽՎ֊ն Ռուսաստանի պատվիրակներին զրկել է նաև քվեարկելու իրավունքից, ասված է Վեհաժողովի պաշտոնական կայքում։

ԵԽԽՎ֊ն պատրաստվում է Ռուսաստանի պատվիրակների քվեարկության խնդրին վերադառնալ ապրիլին կայանալիք նստաշրջանին, եթե ՌԴ֊ն կատարի ԵԽԽՎ֊ի պահանջները։ Մասնավորապես, Վեհաժողովը պահանջում է դադարեցնել միջազգային իրավունքի խախտումները Ուկրաինային վերաբերող հարցերում։

Ռուսաստանին վերաբերող բանաձևի տեքստում նշվում է, որ ԵԽԽՎ֊ն դատապարտում է Ղրիմի բռնազավթումը և Ռուսաստանի կազմում այդ տարածքի հետագա ինտեգրացիան։

Բանաձևին կողմ է քվեարկել 160 պատգամավոր, դեմ՝ 42, 11 ձեռնպահ են եղել։ Ձեռնպահների թվում են Հայաստանի պատվիրակներ ՀՀԿ֊ականներ Հերմինե Նաղդալյանը և Նաիրա Կարապետյանը, ՕԵԿ֊ական Մհեր Շահգելդյանը։

Բանաձևին ամբողջ կազմով դեմ են քվեարկել Ադրբեջանի և Սերբիայի պատվիրակությունները։