Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Ոսկեպարի պաշտպանական դիրքում վիրավորվել է 2 զինծառայող, գրում է Aravot.am-ը՝ նշելով, որ վիրավորման պատճառը ադրբեջանական դիվերսիան է եղել: Վիրավորված զինծառայողները 02։50-ին տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Սպիտակի բնակիչ, 27-ամյա Գրիշա Օթարյանը ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային վերք և կրծքավանդակի քերծվածք է ստացել: Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 47-ամյա Սուրիկ Մովսիսյանը հիվանդանոց է տեղափոխվել աջ նախաբազկի հրազենային վերքով: Իջևանի ԲԿ-ից կայքի թղթակցին հայտնել են, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
ՊՆ֊ի հաղորդագրության համաձայն, գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում։
«Ժամը 00:30-ի սահմաններում հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել:
Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները հետ են շպրտվել», ֊ ասված է ՊՆ֊ի հաղորդագրության մեջ: