ՀՀ կառավարությունը վերջերս առաջարկել էր փոփոխություններ կատարել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում, որով հսկայական արտոնություններ են սահմանվում տարեկան 100 միլիոն դոլարի արտահանում ապահովող տնտեսվարողներին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ըստ այդմ՝ նման ընկերությունները պետք է վճարեն 2 տոկոս շահութահարկ այն դեպքում, երբ Հայաստանում այդ հարկատեսակի դրույքաչափը 20 տոկոս է: «ՀԺ»֊ն ուշագրավ է համարում այն, որ կառավարությունը նման փոփոխությունը հրատապ է համարում և հույժ գաղտնի է պահում, թե կոնկրետ որ ընկերության «հագով է կարում» այդ արտոնությունը:
Թերթի ունեցած տեղեկություններով` այս կերպ կառավարությունը փորձում է ներդրող գտնել «Նաիրիտի» վերագործարկման համար, իսկ փոփոխության հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում էր Ռուսաստան:
«ՀՀ կառավարությունը դեռ հույսը չի կորցրել, որ ռուսական որևէ խոշոր ընկերություն, այդուհանդերձ, կստանձնի «Նաիրիտի» վերագործարկումը: Բայց այդ հույսերը այնքան չնչին են, որ կառավարությունը գերադասում է այդ ծրագիրը առայժմ գաղտնի պահել` տապալման դեպքում կրկին չխայտառակվելու նկատառումներից ելնելով», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում