հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բերձորի դեպքի առթիվ քրեական գործ դեռևս չի հարուցվել, փաստել են ՀՀ ԱԺ֊ում

Բերձորի դեպքի առթիվ քրեական գործ դեռևս չի հարուցվել, փաստել են ՀՀ ԱԺ֊ում

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամների նկատմամբ Բերձորում (Լաչին) ԼՂՀ ոստիկանների կողմից կիրառված բռնության փաստով քրեական գործ չի հարուցվել, չնայած արդեն 24 օր է անցել: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների անգործությունը:

Նա Լեռնային Ղարաբաղի իշխանություններին կոչ է արել «պետություն» և «ախպերություն» երկընտրանքից կատարել «պետություն» ընտրությունը:

«Խաղաղ ավտոերթի մասնակիցների նկատմամբ բռնություն կատարած անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, միջադեպի վերահաս վտանգի նկատմամբ անփութություն ցուցաբերած պաշտոնյաները պետք է օր առաջ պաշտոնանկ արվեն: Սա ոչ թե իմ քմահաճույքն է, այլ Ղարաբաղի սահմանադրության, օրենքերի և տարրական տրամաբանության պահանջ: Ղարաբաղի իշխանությունները պետք է գիտակցեն, որ սա է Բերձորի միջադեպի հետևանքերը հաղթահարելու միակ ճանապարհը», – ասել է Փաշինյանը:

Հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի սահմանի մոտ ոստիկանության ներկայացուցիչները և քաղաքացիական հագուստով անձինք ծեծի էին ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, ովքեր ավտոերթ էին կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Հարձակվողները նաև ջարդել են երթի մասնակիցների մեքենաները։ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները նշել են, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նման գործողության չէին կարող դիմել առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության։