Նոր պոչամբարի կառուցման հարցի վերաբերյալ ազդակիր Այրում և Ճոճկան համայնքներում ոչ մի հանրային լսում չի եղել: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ասել է Այրումի ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանը:
Նրա խոսքով՝ այդ ծրագրի մասին իրենք իմացել են միայն այն ժամանակ, երբ Կառավարությունը միջնորդել է փոխել 40 հա հողերի կարգը գյուղատնտեսականից արդյունաբերականի: Այդ տարածքում էլ նախատեսվում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարը կառուցել։
«Հապճեպ նիստ հրավիրվեց, որպեսզի Այրում և Ճոճկան համայքների մոտ` 40 հա հողատարածքի վրա, կառուցվի պոչամբար: Դրա համար Կառավարությունը տվել էր դրական եզրակացություն, և, եզրակացությունը հիմք ընդունելով, ավագանին պետք է փոխեր նշված հողերի կարգը», – պատմել է Դուլգարյանը:
Նա ասել է նաև, որ արդեն գոյություն ունեցող պոչամբարից գյուղացիները բազում բողոքներ ունեին: Ասուլիսի մեկ այլ մասնակից, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքով՝ նոր պոչամբարը գտնվելու է գյուղական 12 համայքներից 2.5-ից մինչև 8 կիլոմետր հեռավորության վրա, իսկ մյուս պոչամբարը գտնվում էր 5 կիլոմետրի վրա:
Սանասարյանի խոսքով՝ Ախթալայում գոյություն ունեցող պոչամբարն արդեն իսկ բացասական ազդեցություն ունի բնության վրա:
Կանաչների միության նախագահը նաև ընդգծել է, որ կառուցվելիք պոչամբարը կարող է ծանր մետաղներով աղտոտել հարակից միջավայրը: Ցանկացած պոչամբար ունի նաև պետության բյուջեն վնասելու հիմնահարց, քանի որ պոչամբարները Հայաստանում չեն հարկվում:
Խնդրի կապակցությամբ անցյալ տարվա ապրիլին բնապահպանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն դեկտեմբերին վարչապետն ասել է, որ չի ստացել Սանասարյանի նամակը:
«Ինչևէ, ես դեկտեմբերին անձամբ տվեցի նամակը վարչապետին, մինչև հիմա ոչ մի պատասխան չկա»,- ասել է Սանասարյանը:
Նամակում նա նշում է, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը հիմնականում ազատված է հարկերից, և այդ դրույթը պետք է փոխվի:
«Ես գրել եմ, որ եթե այդպես գնա, Հայաստանը չի ունենա ոչ ջուր, ոչ ոռոգելի տարածքներ: Ոչ էլ ԱԺ ֆրակցիաներն են պատասխանել: Փաստորեն, այն ուժը, որը հանում է Հայաստանի մետաղները դուրս, այն ուժը, որի ձեռքով Հայաստան մտան կողոպուտի օրենքներ, հավանաբար, իր իշխանությունը ունի նաև կուսակցությունների վրա»,- ասել է Սանասարյանը: