Home / Հայաստան / Թբիլիսիում կայանված ՌԴ համարանիշներով մեքենաներն ուղևորվում էին Գյումրի․ վրացական «Առաջին ռադիո»

Թբիլիսիում կայանված ՌԴ համարանիշներով մեքենաներն ուղևորվում էին Գյումրի․ վրացական «Առաջին ռադիո»

Թբիլիսիում հայտնված ռազմական մեքենաները պատկանում են Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանն ու Վրաստանի տարածքում տեղաշարժվել են ռուսաստանյան տարանցիկ համարներով, Georgia Online կայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է վրացական «Առաջին ռադիոն»։ Հաղորդվում է նաև, որ շարասյունը հատել է ռուս-վրացական սահմանը «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետում և ուղևորվել դեպի Գյումրիում տեղակայված ռուսական 102֊րդ ռազմաբազա։

1georgia

Կայքը նշում է, որ տվյալ տեղեկությունը երեկ՝ փետրվարի 24֊ին, վրաստանցի պաշտոնյաներից մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանի՝ Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։ Նրա խոսքով՝ այդ մեքենաները դուրս են գրվել ու այնուհետև ձեռք բերվել վրացի գործարարի կողմից, որը մեքենաները մասերի է բաժանում ու վաճառում դրանք։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ավելի ուշ հաստատել է այդ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ մեքենաները գնվել են անհատի կողմից և դրանց մուտքը երրորդ երկիր արգելված է։

Երեկ վրացական բլոգոսֆերայում հայտնվել էր երկրում ռուսաստանյան ռազմական բեռնատարերի առկայության մասին տեղեկություն ու լուսանկարներ։ Բոլոր մեքենաների վրա եղել են տարանցիկ համարներ։

Վրացի բլոգերների տարածած տեղեկության համաձայն՝ այդ մեքենաները նախորդ գիշերը կայանվել են Թբիլիսիի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող կայանատեղիում, այնուհետև՝ շարժվել անհայտ ուղղությամբ։ Լրագրողների հարցին, թե դրանք ինչ մեքենաներ են, պարեկային ոստիկանությունը պատասխանել է, որ սահմանը հատելու մասին տեղեկությունը հանրային չէ։  

2georgia