Արմավիրի Մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 78-ամյա Լևոն Խաչատրյանը 5 տարի շարունակ նամակներ է գրում իրավապահ մարմիններին՝ պահանջելով իրեն վերադարձնել իր հողատարածքի մի մասը, որը Պաշտպանության նախարարությունն առանց իր գիտության դարձրել է զինավարժությունների տարածք: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:
«Խաչատրյանները պնդում են, թե իրենցից խլված հողամասը տարիներ առաջ ողջ ընտանիքով քարակույտից ազատել ու մշակելի են դարձրել: Այսօր, սակայն, ծառերի փոխարեն երկաթբետոնե շինություններ են կառուցված, մի մասում էլ վարժանքների համար նախատեսված խրամատներ են փորված: Թոշակառու Խաչատրյանը պահանջում է կամ դրամական փոխհատուցում, կամ գյուղի մեկ այլ հատվածում նույնքան հողատարածք։
«ՊՆ-ն ինչպես ապօրինի ու առանց ինձ տեղյակ պահելու օգտագործել է հողս, այդպես էլ թող վերադարձնի, առանց ինձ նեղություն տալու: Ես հնարվորություն չունեմ, ես վիրահատված մարդ եմ, ես չեմ կարա ժամերով բացակայեմ տնից: Մի հատ երեխա մի հատ պռովուդ գողանում, եկել 3 հեկտար հողս ձեռիցս վերցրել են, ոչ մեկը մեղավոր չի ճանաչվել», ֊ գյուղացու խոսքերն է մեջբերում «Ազատությունը»:
Մյասնիկյանի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանն Epress.am-ի հետ զրույցում պնդել է, որ գյուղացին սխալ է: Ըստ Պետրոսյանի՝ նրա հողը «գյուղնշանակության այլ հող» կարգավիճակն ունի, և այդպիսի հողի մեկ հեկտարը գնահատվում է 75000 դրամ: «Ինքը Պաշտպանության նախարարությունից պահանջում է 6 միլիոն դրամ երկու հեկտարի համար»,- ասել է գյուղապետը:
Մեր հարցին, թե ինչու նախարարությունը գյուղացու հետ նախապես պայմանագիր չի կնքել և առանց նրա կամքի սկսել օգտագործել հողը, գյուղապետը պատասխանել է․ «Անցյալ տարի Սեյրան Օհանյանը մեր գյուղում էր, ասեց՝ գյուղացուն էլ բեր հետդ, տեսնենք, հարցը լուծենք: Խաչատրյանը չեկավ, ասեց՝ թող իրենք գան իմ մոտ: Չեկավ, որ քննարկի»։
Պետրոսյանը նշել է, որ Խաչատրյանն այսքան տարի հողի հարկ, ջրի հարկ չի վճարել նշված տարածքի համար: Գյուղացին, սակայն, պնդում է, որ այդ ամենը որպես պարտք է գրանցվում և վաղ թե ուշ նա պետք է վճարի, չնայած հողը մշակելու հնարավորությունից զրկված է: