Այսօր վաղ առավոտյան ձերբակալել են քաղաքացի Արսեն Օհանյանին, ով 2013 թվականի ամռանը ակտիվորեն մասնակցում էր հասարակական տրանսպորտի ուղեվարձի դեմ կազմակերպվող ակցիաներին: Մի քանի ժամ ոստիկանության բաժնում պահելուց հետո ակտիվիստին բաց են թողել չհեռանալու մասին ստորագրության դիմաց։ Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ նշելով, որ մանրամասների մասին ավելի ուշ կտեղեկացնի։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը Epress.am-ին հայտնել է, որ Օհանյանը հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի առաջին մասի մեղադրանքով՝ գողություն: Ըստ քրեական գործի՝ հանցագործությունը տեղի է ունեցել Կրասնոդարի երկրամասում:
Մալխասյանի խոսքով՝ առայժմ հայտնի չէ՝ ինչպես կշարունակվի քրեական գործի քննությունը:
«Դա արդեն մեր Դատախազության և ՌԴ դատախազության որոշելիքն է և ոստիկանության իրավասություններից դուրս»,-ասել է Արմեն Մալխասյանը:
Օհանյանի ընկերը, ուղեվարձի բարձրացման դեմ ակցիաների մեկ այլ ակտիվ մասնակից Վահագն Մինասյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ընկերոջ բերման ենթարկելը կապված է վերջինիս քաղաքացիական ակտիվ գործունեության հետ:
Մինասյանի խոսքով՝ Օհանյանը առանց որևէ խոչընտոդների մեկնել էր Մեծ Բրիտանիա, և եթե ոսիտկանության վարկածը, թե իբր նա հետախուզվում էր ԱՊՀ տարածքում, ճիշտ լիներ, նա չէր կարողանա ճանապարհորդել: