Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում վարչապետ ընտրվել։ Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում Զուրաբյանը նշել է, որ այդ մասին իր կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը։ Բացի դրանից, ՀՀՇ վարչության նախագահը հետաքրքրվել է Սարգսյանից՝ եթե Հայաստանն անցնի խորհրդարանական համակարգի, ինչ է անելու ՀՀ նախագահը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Սարգսյանը պատասխանել է, որ պատրաստվում է պաշտոնավարել մինչև իր ժամկետի ավարտը՝ 2018 թվականը։
Ըստ Զուրաբյանի՝ դա նշանակում է, որ Սարգսյանը չի կարող նաև ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնել, քանի որ այդ դեպքում նա պետք է հրաժարական տա 2017֊ին, մասնակցի խորհրդարանական ընտրություններին և պատգամավոր դառնալուց հետո հավակնի ԱԺ նախագահի պաշտոնին։
Արարատ Զուրաբյանն ասել է, որ իր տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանը դեռևս որոշում չի կայացրել՝ կառավարման որ մոդելն է ընտրելու՝ կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական։ ՀՀՇ վարչության նախագահը հայտարարել է, որ իրենք կողմ են խորհրդարանական կառավարման մոդելին, ինչը քայլ առաջ կլինի Հայաստանի համար։
Նշենք, որ մարտի 12-ին սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը քննարկելու նպատակով Սերժ Սարգսյանի հետ հանդիպել են ՀՅԴ֊ի, Միավորված աշխատանքային կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», «Հայոց համազգային շարժում», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարել է, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին և սահմանադրական հանրաքվե անցկացնելու դեպքում այն պատրաստվում է վերածել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթացի։