հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Դատավորը՝ ընտանեկան բռնության զոհին․ «Մի կտոր հացի համար էի՞ք մնացել»

Դատավորը՝ ընտանեկան բռնության զոհին․ «Մի կտոր հացի համար էի՞ք մնացել»

Ընտանեկան բռնության զոհ դարձած Գավառի բնակիչ Հասմիկ Խաչատրյանի ներկայացրած բողոքը լսելուց հետո Վերաքննիչ դատարանի դատավորների եռյակը՝ Ռուզաննա Բարսեղյան, Սերգեյ Չիչոյան, Գագիկ Ավետիսյան, տարբեր հարցադրումներ անելով, փորձել է պարզել՝ ինչու է կինը մնացել նախկին ամուսնու տանը, եթե պարբերաբար ծեծի էր ենթարկվում:

«Դատարանին հետաքրքիր է՝ ինչո՞ւ շուտ չէիք բաժանվում», «Ի վերջո դուրս եկաք, չէ՞, ժամանակին դուրս գայիք այդ տնից», «Մի կտոր հացի համար էի՞ք մնացել», «Ձեռքերդ կապել էի՞ն, որ դուրս չէիր գալիս» այսօրվա նիստին հնչած դատավորների հարցերին Հասմիկ Խաչատրյանը պատասխանել է, թե պատճառը վախն էր։ Կնոջ խոսքով՝ ինքը վախենում էր, քանի որ ամուսինը՝ Սարգիս Հակոբյանը, սպառնում էր, որ տանից հեռանալու դեպքում կզրկի երկու երեխաներին տեսնելու հնարավորությունից:

Նշենք, որ Սարգիս Հակոբյանը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել խոշտանգման մեջ և 1․5 տարվա ազատազրկման դատապարտվել, սակայն համաներմամբ ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Վերաքննիչ դատարանում Հասմիկ Խաչատրյանի կողմը բողոքարկում էր առաջին ատյանի դատարանի վճիռը՝ նշելով, որ դատարանը հաշվի չի առել, թե Հասմիկ Խաչատրյանը ծեծի է ենթարկվել մի մարդու կողմից, ումից կախված է եղել, և հենց դրա հետևանքով էլ մեղմ պատիժ է սահմանվել։

Ըստ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանի, կնոջ՝ ամուսնուց կախված լինելը հաստատվում է գործում առկա փաստերով. օրինակ, մի անգամ նկատելով, որ երեխան ընկել է և վնասվածք ստացել՝ Սարգիսը ծեծել է Հասմիկին, այլ դրվագում ամուսինը քաշել է կնոջ մազերից, իսկ Հասմիկը խնդրել է նրան իրեն չծեծել: Երրորդ դեպքում՝ Սարգիսը հարցրել է՝ արդյոք Հասմիկը կասկածում է, որ ինքը լավ տղա է, և ավելացրել, որ եթե ինքը կասկածի, թե Հասմիկը դավաճանում է իրեն, «աչքերը կհանի»:

Դեռևս առաջին ատյանի դատարանում կայացած նիստերի ընթացքում Խաչատրյանը պատմել էր, որ ինքը գիշերով փախել է ամուսնու տանից հայրական տուն։ Հակոբյանը գնացել է կնոջ հետևից, որպեսզի նրան վերադարձնի, սակայն Խաչատրյանը հրաժարվել է։ Քանի որ Հասմիկը մարմնական վնասվածքներ ուներ, նրա հայրը հաջորդ օրն աղջկան տարել է հիվանդանոց և այդտեղից էլ սկսվել է ոստիկանությանը դիմելու գործընթացը:

Վերաքննիչ դատարանի դատավորներն այսօրվա նիստին ասել են, որ իրենց զարմանալի է թվում հատկապես համատեղ կյանքի վերջին 2 տարին Սարգիս Հակոբյանի տանը Հասմիկի մնալը, քանի որ այդ վերջին երկու տարում Հասմիկը և Սարգիսը «ամուսնական կյանքով» չեն ապրել:

Քանի որ դատարանին հարցեր ուղղել հնարավորություն չկար, ներկաներին մնում էր ենթադրել, թե ինչ նկատի ունի դատարանը՝ «ամուսնական կյանք» ասելով: Տիգրան Մուրադյանը ենթադրել է, որ «ամուսնական կյանք»-ի տակ դատարանը նկատի ունի սեռական հարաբերություններ ունենալը:

«Դուք ինքներդ Ձեր նախաքննական ցուցմունքներում ընդունել եք, որ ամուսնական կյանքով չէք ապրել»,- ասել է նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանը՝ կրկին չպարզաբանելով՝ ինչ ասել է «ամուսնական կյանք»:

Հասմիկ Խաչատրյանը նշել է, որ վերջին երկու տարում Սարգիսը ավելի շատ Երևանում էր ապրում, գալիս էր տուն շաբաթը մեկ-երկու անգամ, բայց ասում էր, որ աշխատանք կգտնի և ողջ ընտանիքով կտեղափոխվեն:

«Ինչ վերաբերում է սիրուհի ունենալուն, ապա Սարգիսի ծնողներն ասում էին՝ բոլոր տղամարդիկ էլ սիրուհի ունեն, բայց դու ես նրա կինը»,- նշել է Հասմիկ Խաչատրյանը:

Տուժող կողմը վերաքննիչ բողոքում նաև պահանջում է բեկանել Սարգիս Հակոբյանի նկատմամբ կիրառված համաներման ակտը։ Համաձայն Խաչատրյանի պաշտպանի, համաներման ակտ չի կարող կայացվել, եթե ամբաստանյալի նկատմամբ կա և քննության փուլում է գտնվում քաղաքացիական հայցը, որով Հասմիկ Խաչատարյանը պահանջում էր բարոյական վնասի փոխհատուցում: Մեղադրող դատախազը ևս բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը․ նա Հակոբյանի համար 5 տարվա ազատազրկում է պահանջում, իսկ Հասմիկ Խաչատրյանի կողմը՝ 7 տարվա:

Այսօրվա դատական նիստին Սարգիս Հակոբյանին (նա մեկ այլ գործով ազատազրկման մեջ է – խմբ.) սատարող մեկ տղամարդ և մի քանի կանայք հայտարարել են, որ գործը լուսաբանող լրագրողները «գիտե՞ք ինչքան փող են ստանում սա գրելու համար»: Կանանցից մեկն էլ անընդհատ մեկնաբանում էր Հասմիկի խոսքերը՝ ասելով․ «Քիչ է արել, պետք է գլուխդ ջարդեր»: 

Լուսանկարը՝ «Կանանց աջակցման կենտրոն»-ի