Այսօր Վերաքննիչ դատարանը լսել է ընտանեկան բռնության զոհ դարձած Հասմիկ Խաչատրյանի գործով վերաքննիչ բողոքը: Գեղարքունիքի դատարանը ապացուցված էր համարել, որ Հասմիկ Խաչատրյանը խոշտանգումների էր ենթարկվել ամբաստանյալ Սարգիս Հակոբյանի կողմից, վերջինիս դատապարտել 1.5 տարվա ազատազրկման և ազատել դատարանի դահլիճից՝ նրա նկատմամբ համաներում կիրառելով: Դատարանի վճիռը, սակայն, չի գոհացրել կողմերից և ոչ մեկին: Եվ տուժողը, և մեղադրող դատախազը, և մեղադրյալը վերաքննիչ բողոքներ են ներկայացրել:
Սարգիս Հակոբյանը պահանջում է բեկանել վճիռը և իրեն անմեղ ճանաչել: Մեղադրող կողմը՝ հանձին դատախազ Վարդան Լազարյանի, պահանջել է 5 տարվա ազատազրկում սահմանել, իսկ Հասմիկ Խաչատրյանի կողմը՝ 7 տարի ազատազրկում:
Այսօրվա նիստին ներկա չէր մեղադրյալ Սարգիս Հակոբյանը: Նրա ներկայացուցիչն ասել է, որ Հակոբյանը չի ներկայացել, քանի որ գործը քննվում է վճռաբեկության կարգով և ինքը լիազորված է ներկայացնել ամբաստանյալին: Չնայած այդ բացատրությանը, Հասմիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը դատարանին է ներկայացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից գրություն այն մասին, որ Սարգիս Հակոբյանն այս պահին ՔԿՀ-ում է:
Դատարանը, տեղում խորհրդակցելով, որոշել է նիստը շարունակել առանց Հակոբյանի, թեև նրանից պատշաճ միջնորդություն չէր ստացել բացակայելու պատճառի մասին: Սարգիս Հակոբյանը ձերբակալվել է այս տարվա սկզբին ծնողների տան գույքը վնասելու և նրանցից գումար շորթելու մեղադրանքով։
Գործով մեղադրող դատախազ Վարդան Լազարյանն ասել է, որ դատարանի վճիռը բողոքարկում է, քանի որ դատարանը ապացուցված չի համարել, որ Հասմիկ Խաչատրյանը և Սարգիս Հակոբյանը ամուսիններ են եղել: Այդ պատճառով, Լազարյանի խոսքով, դատարանը չի նշել, որ խոշտանգումը կատարվել է բռնարարից կախման մեջ գտնվող անձի նկատմամբ, ուստի նրա պատիժը ավելի խիստ պետք է լինի:
Լազարյանն ասել է, որ թեև ԶԱԳՍ-ով ամուսնույթունը հաստատված չի եղել, սակայն Հասմիկ Խաչատրյանը ապրել է Սարգիս Հակոբյանի տանը, երկու երեխա ունեն, Խաչատրյանը վարել է Հակոբյանների տան տնտեսությունը: Մեղադրող դատախազը միջնորդել է նաև խնամքին անչափահաս որդի ունենալու փաստը չհամարել մեղմացուցիչ հանգամանք Հակոբյանի համար, քանի որ երեխան ապրում է իր տատիկի և պապիկի հետ:
Նիստը հետաձգվել է, մյուս վերաքննիչ բողոքները կլսվեն հաջորդ նիստին: