ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով աշխատանքային խմբեր ստեղծել։ Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ իր թուրք գործընկեր Մովլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանը Համաշխարհային բանկի հետ միասին մշակել է նախագիծ այն աշխատանքների առնչությամբ, որոնք կիրականացվեն, երբ հարկադիր տեղահանվածները վերադառնան իրենց հայրենի հողեր։ Այդ հարցերը, սակայն, պետք է նաև քննարկենք Հայաստանի հետ։
ՄԱԿ֊ը, ԵԱՀԿ֊ն ու այլ միջազգային կազմակերպություններ այդ հարցի վերաբերյալ ընդունել են բանաձևեր ու որոշումներ։ Որոշ բանաձևեր ու որոշումներ իրականացվում են ընդունվելուց անմիջապես հետո, բայց, ավաղ, մենք դա չենք տեսնում ղարաբաղյան հակամարտության դեպքում»,֊ մասնավորապես, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։