ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի առաջարկը՝ մեկ տարով հետաձգել Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանին փոխանցելու պահանջի քննարկումը, չի տեղավորվում ՀՀ քրեադատավարական օրենսդրության մեջ: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է փաստաբան Հարություն Բաղդասարյանը (լուսանկարում):
ԱԺ նախագահը նման առաջարկ արել է երեկ «Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ մտցնելու մասին քվեարկության ժամանակ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած նախագծին դեմ է արտահայտվել միայն մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն, որը չի մասնակցել քվեարկությանը։
Բաղդասարյանի խոսքով՝ համաձայն ՀՀ քրեադատավարական օրենսգրքի՝ մեղադրյալի արտահանձնման հարցը կարող է գործի դրվել միայն նախաքննության փուլում: Իսկ նախաքննությունը կարող է տևել ոչ ավել, քան մեկ տարի: Այսինքն՝ մեկ տարի անց նախաքննությունն ավարտված է լինելու:
«Արդեն 3 ամիս է՝ Պերմյակովը գտնվում է կալանքի տակ: Եթե ռուսական կողմը, դիցուք, սեպտեմբերին գործի նախաքննությունն ավարտի, և այն մտնի դատավարության փուլ, ապա մենք չենք կարող Պերմյակովին այլևս պահանջել»,- ասել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իրենց՝ օրինագծին դեմ լինելը բացատրել է նրանով, որ նախագիծը քաղաքական շահարկման նպատակ ունի, իսկ իրենք այդպիսի շահարկումների մասնակից չեն ցանկանում լինել: