42 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր մերժեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` «Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծն արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնելու հարցը։
Նախագծի տեքստի մասին որոշակի վերապահումներ ունենալով հանդերձ՝ ԱԺ-ի բոլոր խմբակցությունները, բացառությամբ ՀՀԿ-ի, կողմ են քվեարկել դրան:
«Ձեր մեծամասնության կողմից ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման անընդունելիության մասին, թե ինչ է զգում հայ զինվորը, երբ նրան սպանում են ռուսական զենքից: Հիմա էլ մեր պատգամը պետք է այն լինի, թե ինչ է զգում մեր քաղաքացին, երբ ռուս զինվորը նրան սպանում է»,- իր «կողմ» դիրքորոշումը արտահայտել է Ալեքսանդր Արզումանյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացատրել է իրենց որոշումը նրանով, որ նախագիծը քաղաքական շահարկման նպատակ ունի: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ կարծիք է հայտնել, որ նախագիծը մեկ տարով պետք է հետաձգել:
«Ես նկատում եմ երկչոտություն, եթե չասեմ վախկոտություն գործադիրի մոտ՝ ՌԴ-ի համապատասխան մարմինների նկատմամբ: Եկեք մեր քվեարկությամբ համարձակություն հայտնենք գործադիրին ու ասենք, որ գոյություն ունի ժողովուրդ, գոյություն ունեն պետական շահեր: Հենց դրա համար էլ գոյություն ունի ԱԺ»,- «կողմ» քվեարկել է հորդորել Հրանտ Բագրատյանը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝
հետամուտ է լինելու եղեռնագործության բացահայտմանը, ակնկալում է հանուն արդարության, օրինականության վերականգնման և հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության՝ Ռուսաստանի Դաշնությունից ողջամիտ որոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու համար առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին»: