Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանն այսօր մերժել է Նարինե Նիկողոսյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել իր երեխայի առևանգման փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումը: Դատարանը հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը, հիմնավորումները կուղարկվեն հետագայում:
Խնամակալության իրավունքները ստանձնելու հարցի շուրջ դատական այսօրվա նիստին երեխայի առևանգման մեջ մոր կողմից մեղադրվող Էդիսոն Ադյանը հայտարարել է, որ պատրաստ է ԴՆԹ անալիզ հանձնել՝ պարզելու համար՝ արդյոք ինքը երեխայի կենսաբանական հայրն է: Միևնույն ժամանակ Ադյանը նշել է` անալիզ հաձնելը որևէ նշանակություն չունի։
«Եթե պարզվի, որ երեխաս արաբ է, պարսիկ է, մեկ է՝ ես եմ նրա հայրը և ոչ մեկին չեմ տալու երեխային: Ես ղարաբաղցի եմ, նրա (երեխայի մոր՝ Նարինե Նիկողոսյանի ֊ Epress.am) պաշտպանն էլ է ղարաբաղցի, ինձ ասում է՝ «ես ավելի հաստակող եմ, կրելու եմ»»,- ասել է Ադյանը դատարանում:
Նարինե Նիկողոսյանը պնդում է, որ Ադյանը, չլինելով իր երեխայի հայրը, ծննդաբերությունից հետո առևանգել է նրան: Ադյանը, իր հերթին, նշում է, որ Նիկողոսյանն է ասել, թե ինքն է հայրը, փաստաթղթերում իր անունն է նշել: Քննիչը կարճել է Ադյանի նկատմամբ քրեական գործը, սակայն այժմ դատարանում Նիկողոսյանը պահանջում է վերացնել այդ որոշումը, քանի որ քննիչ Առաքելյանը պատշաճ քննություն չի անցկացրել գործը բացահայտելու համար:
Նիկողոսյանի պաշտպան Անի Թորոսյանը դատարանում հայտարարել է, որ քննիչը դիտավորյալ չի կատարել դատագենետիկական փորձաքննություն, Նիկողոսյանին չի ճանաչել տուժող՝ նրան գործի նյութերից հեռու պահելու նպատակով, չի վերծանել Նիկողոսյանի և Ադյանի հեռախոսազանգերը, և, վերջապես, չի հարցաքննել բժիշկ Կալուստյանին: Թորոսյանը նշել է, որ անգամ մամուլն է կարողացել գտնել Կալուստյանին, նա ասել է, որ Նարինե Նիկողոսյանին հղի վիճակում անգամ չի տեսել, իսկ հեռախոսային վերծանումները ցույց են տալիս՝ Նիկողոսյանն ու Կալուստյանը պարբերաբար հեռախոսազրույցներ են ունեցել:
Այսօրվա դատական նիստի ժամանակ Ադյանը նաև հայտարարել է, որ Նարինե Նիկողոսյանը, բացի փոքրիկ Արթուրից, ունի նաև 18-ամյա աղջիկ: Ադյանն ասել է, որ խնդրում է, որ այդ երեխայի կամ Նիկողոսյանի այլ հնարավոր երեխաների ընտանիքները դիմեն իրեն, «ընտանիքներով ընկերություն կանեն»:
Դատարանը Նիկողոսյանին հարցրել է՝ արդյոք նրա նպատակն է երեխային հետ ստանալը, թե՞ Ադյանին, բժիշկ Կալուստյանին, ծննդյան վկայականը կեղծած նոտարին պատժելը:
«Ես իմ երեխային ուզում եմ ստանամ, և ճշմարտությունը բացահայտվի, որ ես Ադյանի հետ որևէ կապ չեմ ունեցել»,- պատասխանել է Նիկողոսյանը:
Դատավոր Լևոն Ավետիսյանը շարունակել է պնդել իր կարծիքը, թե կողմերը գաղտնի գործարք էին կնքել: «Ճշմարտությունն այդքան էլ հեշտ չի պարզել, եթե դուք անկեղծ չեք, Ադյանը անկեղծ չի, ու չեք ուզում ասել՝ ինչ գործարք էիք կնքել»,- ասել է Ավետիսյանը:
Լուսանկարում՝ ձախից՝ Անի Թորոսյանը, աջից՝ Նարինե Նիկողոսյանը