Քաղաքացի Էդիսոն Ադյանը (լուսանկարում) հերքում է, թե առևանգել է Նարինե Նիկողոսյանի երեխային՝ պնդելով, որ հայրը ինքն է, իսկ հայրը չի կարող առևանգման մեջ մեղադրվել։ Քաղաքացի Նարինե Նիկողոսյանի կողմից իրեն դատի տալու և կնոջ նորածին երեխային առևանգելու մեջ մեղադրանքներին Ադյանն այսօր պատասխանել է հրապարակավ՝ ասուլիս հրավիրելով:
Նարինե Նիկողոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադյանը, չլինելով իր երեխայի հայրը, օգտվելով իր անօգնական, հետծննդաբերական ծանր հոգեվիճակից, խաբեությամբ իրենից ստորագրություն է վերցրել հայրությունը ճանաչելու մասին և առևանգել իր նորածին որդուն:
«Երեխային ես հետ չեմ տա, իմ դիակի վրայով կստանա»,- այսօր հայտարարել է Էդիսոն Ադյանը՝ ասելով, որ «ստիպված է ամեն ինչ հրապարակել»:
Երեխայի մոր իրավունքների մասին խոսելու փոխարեն՝ Ադյանը հիմնականում խոսում էր Նարինե Նիկողոսյանի վարքից՝ «նա աշխատում էր հյուրանոցում, հյուրանոցում էլ ապրում էր, այլ տեղ չուներ, դրանով իր վարքը արդեն պարզ է, չնայած դա կարևոր չէ», «ինքն էլ չգիտի՝ ով է իր երեխայի հայրը»:
Ադյանը, այնուամենայնիվ, կարծիք է հայտնել, որ հայրն ինքն է, որովհետև այդ ընթացքում կենակցել է կնոջ հետ, իսկ Նարինե Նիկողոսյանի նպատակը երեխային հետ ստանալը չէ, այլ՝ իրենցից «փող պոկելը»:
«Երբ Նարինեն 4 ամսական հղի էր, եկավ, ասեց՝ 1000 դոլար փող տուր, ես ուզում եմ աբորտ անել: Ես ասեցի՝ ունեցի, դու պահի երեխային իմ ախպոր տանը, ես կօգնեմ, ինքը ասեց` չէ, ես երեխա չեմ ուզում: Ես էլ զանգեցի կնոջս: Համաձայնեց, որ մենք պահենք երեխային գյուղում: Նա ինձնից փող է ուզում՝ 25.000 դոլար, ես էդքան փող չունեմ, ունենայի էլ՝ չէի տա: Կուրծքը պայթում էր կաթով, երեխային չէր տալիս, արհեստական կաթով էինք կերակրում»,- ասուլիսի ժամանակ ասել է տղամարդը:
Պնդելով, որ ինքն է երեխայի հայրը, Ադյանը, այնուամենայնիվ, չի ցանկանում ԴՆԹ անալիզ հանձնել:
«Էդ երբվանի՞ց է հայրությունը կենսաբանական երևույթ: Էդիսոնը հայրությունը ճանաչել է, ընդունել, պահել է նորածին երեխային, հիմա արդեն երկու տարեկան է, ի՞նչ կապ ունի՝ կեսաբանակա՞ն հայրն է, թե՝ ոչ: Քիչ կենսաբանական հայրեր կա՞ն, որ իրենց երեխաներին 5000 դրամ ալիմենտ չեն տալիս»,- ասել է Ադյանի փաստաբան Կարեն Սարդարյանը։
Հիշեցնենք, որ գործով նախորդ դատական նիստին Նարինե Նիկողոսյանը հայտարարել էր, որ երեխայի կենսաբանական հայրը պատրաստ է ցուցմունք տալ: Սարդարյանը նրան խորհուրդ է տվել որդու հետ ստանալը պահանջել քաղաքացիական հայցով:
Նիկողոսյանը Epress.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ ինքը ցանկանում է քրեական պատասխանատվության ենթարկել որդուն գողացողին:
Վաղը՝ մարտի 3-ին, կինը Գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացնելու՝ որդուն իրենից ապօրինաբար խլելու գործի առնչությամբ: