Քաղաքացի Նարինե Նիկողոսյանը, ոստիկանությունից օգնություն չստանալով, դատարանում է պայքարում իր նորածին երեխային խլելու փաստով մեղավորներին պատժելու և երեխային վերադարձնելու համար:
Նիկողոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ որդուն խլելու հարցում մեղավոր են բժիշկ Հրաչ Կալուստյանը և իր ծանոթներից Էդիսոն Ադյանը։ Վերջինս պնդում է, որ երեխայի հայրն ինքն է: Նիկողոսյանի խոսքով` Ադյանին առաջին անգամ տեսել է բժշկի միջնորդությամբ` ծննդաբերությունից ընդամենը երկու ամիս առաջ: Կինը պնդում է, որ կարող է կանչել այն տղամարդուն, ումից արտամուսնական կապի արդյունքում ինքը հղիացել է։
Ադյանը 60 տարեկան ամուսնացած տղամարդ է, երեխաներ չունի։ Նա օգնել է միայնակ հղի կնոջը, տուն է տրամադրել, սակայն, Նիկողոսյանի խոսքով, երբեք չի ասել է, որ դրա փոխարեն պետք է երեխային հանձնի Ադյանին: Վերջինս, կնոջ պնդմամբ, երեխային խաբեությամբ իրենից վերցրել է հիվանդանոցից դուրս գրվելու օրը ու հեռացել է անհայտ ուղղությամբ։
Նիկողոսյանը որդուն վերադարձնելու պահանջով դիմել է ոստիկանություն։ Քննիչ Օնիկ Առաքելյանը կարճել է քրեական գործը, որն ընթանում էր դատախազ Դավիթ Կարապետյանի հսկողությամբ։ Այժմ Նիկողոսյանը դատարանում բողոքում է քննիչի որոշման դեմ:
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ավետիսյանը մերժել է Նիկողոսյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանի միջնորդությունը՝ իրեն տրամադրել Նիկողոսյանի և Ադյանի հեռախոսային համարների վերծանումները:
Դրանք, ըստ Հովհաննիսյանի, պետք է անպայման լինեին քննիչի որոշման հիմքում, քանի որ եթե օպերատորները ցույց են տվել, որ 2012 թվականի հոկտեմբեր ամսին կողմերը միևնույն քաղաքում չեն եղել, ապա պարզ է դառնում, որ Ադյանը սուտ ցուցմունք է տվել․ նա չի կենակցել Նիկողոսյանի հետ:
Դատախազ Կարապետյանն առարկել է՝ ասելով, որ եթե անձնական, սեռական կյանքի մասին փաստեր պետք է հրապարակվեն, ապա նիստը պետք է դռնփակ անցկացվի: Այս հայտարարությունից հետո դատավոր Ավետիսյանը պահանջել է, որ ներկա լրագրողները ցույց տան իրենց վկայականները:
Նիստը հետաձգվել է, քանի որ Նիկողոսյանը ժամանակ է խնդրել այլ փաստաբան գործում ներգրավելու համար: Նիստից հետո լրագրողները փորձել են հարցեր տալ քննիչ Առաքելյանին, սակայն դատախազն ասել է․ «Ես ամեն հարցի մեծ սիրով կպատասխանեմ»:
Արդեն դատարանի միջանցքում դատախազը հայտարարել է, որ չի պատասխանի բոլորին հուզող հարցին, թե ինչու նախաքննական մարմինը չի արել երեխայի հորը որոշելու համար ամենատարրական քայլը՝ ԴՆԹ անալիզ: Կարապետյանը նշել է, որ չի ցանկանում՝ իր ասածները գրվեն, ուղղակի ուզում է զրուցել լրագրողների հետ:
Նա փորձել է համոզել, որ Նիկողոսյանը կարող է դատարան դիմել, ոչ թե քրեական, այլ քաղաքացիական օրենսգրքով, և հստակ է, որ կինը հետ կստանա երեխային, քանի որ օրենքով մայրը միշտ առավելություն ունի:
Դա կնոջ համար, սակայն, անընդունելի է, քանի որ Նարինե Նիկողոսյանը համարում է, որ նորածին երեխային գողացողը պետք է պատժվի:
Դատախազը փորձել է նաև լրագրողներին համոզել, որ միայնակ կինը գործարքի է գնացել Ադյանի հետ, քանի որ երեխան արտամուսնական կապից է ծնվել, ու մայրը ինքնակամ է երեխային հանձնել Ադյանին:
Կարապետյանն ակնարկել է, որ Նիկողոսյանն 25.000 դոլար է պահանջել Ադյանից երեխային տալու դիմաց:
Նշենք, որ երեխային վաճառելը ևս քրեորեն պատժելի արարք է, և նման դեպքում դատարանի առջև կանգնում են թե վաճառողը, թե գնորդը։