ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար միանգամայն հասկանալի է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներին չընդունելու որոշումը։ Այս մասին նա ասել է այսօր ԱԺ֊ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
Պատգամավորի խոսքով՝ եթե Լեռնային Ղարաբաղը անկախ հանրապետություն է, ապա պետք է նաև ընդունել, որ այն իրավունք ունի արգելել այլ պետության այն քաղաքացիների մուտքը, որոնց նպատակը քաղաքական գործընթացներ սկսելն է: Ռուստամյանի կարծիքով՝ այդպիսի մարդկանց մուտքը երկիր կարող է արգելել նաև Հայաստանի Հանրապետությունը, և ցանկացած այլ պետություն:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամներն ավտոերթ էին կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ, սակայն սահմանի մոտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը ու քաղաքացիական հագուստով անձինք նրանց ծեծի են ենթարկել և վնասել ավտոմեքենաները:
Շարժումը հայտարարել է, որ կրել է մոտ 35000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնաս: