Լեռնային Ղարաբաղի սահմանին ԼՂՀ ոստիկանության կողմից «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամների վրա կատարված հարձակման հետևանքով նրանց 35 000 ԱՄՆ դոլարի վնաս է պատճառվել: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա տեղեկացրել է, որ դրամական վնասներ կրած քաղաքացիները միջին սոցիալական ստատուս ունեն, և նրանց կրած վնասները ինչ֊որ չափով փոխհատուցելու համար հաշվեհամար է բացվելու, որի վրա ցանկացողները կարող են գումար փոխանցել։ Հաշվեհամարը շուտով տեղադրվելու է շարժման կայքում:
Ոստիկանության գործողությունների հետևանքով վնասվել է 20 ավտոմեքենա, ավտոերթի մասնակիցներից 3 տեսախցիկ են խլել: Շարժումը ցանկանում էր ջարդված ավտոմեքենաներն այսօր ցուցադրել Հանրապետության հրապարակում, սակայն ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ոստիկանությունը թույլ չի տվել դա անել։ Երեք մեքենաներ տարվել են տուգանային հրապարակ։
Վարուժան Ավետիսյանն ասել է, որ մեքենաները ցուցադրվելու են Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակի մոտ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ մեկնելու իրենց նախաձեռնությանը՝ Ավետիսյանն ասել է, որ Արցախը Հայաստանի մարզ է համարում, և նա, ով ասում է, թե Արցախը անկախ պետություն է, դավաճան է:
Նրա խոսքով՝ արցախահայությունը Հայաստանին միանալու մասին է խոսել դեռևս 1988-ի շարժումը սկսելով, և նույնիսկ եթե քաղաքական նպատակահարմարության պատճառով այդպես չի ամրագրվել, ապա, միևնույն է, դա մնում վերջնական նպատակը:
Նշենք, որ առավոտյան Հանրապետության հրապարակից Ոստիկանություն բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» երկու անդամները՝ Գևորգ Սաֆարյանն ու Հայկ Գրիգորյանը, արդեն ազատ են արձակվել։