հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ԼՂՀ ոստիկանությունը քրեական աշխարհին բնորոշ ոճով գործեց․ բռնության դեպքի մասին

ԼՂՀ ոստիկանությունը քրեական աշխարհին բնորոշ ոճով գործեց․ բռնության դեպքի մասին

Լաչինում (Բերձոր) «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի ժամանակ ԼՂՀ ոստիկանության հարձակումը ոչ թե իրավապահ մարմինների պահվածք էր, այլ քրեական աշխարհին հարիր գործելաոճ: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը՝ նկատելով, որ ոստիկանության գործողությունները դրական են բնութագրել «մեր հասարակության և պառլամենտի քրեական աշխարհի ներկայացուցիչները», ԱԺ֊ի միայն այն «գեներալներն ու գեներալիկները, ովքեր իրենց բնույթով քրեական են»:

«Յուրաքանչյուր իրեն հարգող պետություն, իսկ եթե Արցախը իրեն հռչակել է պետություն, գոնե ինքն իրեն պետք է հարգի, անցանկալի շարասյունը կկանգնեցներ հսկող կետի մոտ և կասեր՝ ձեր ներկայությունը մեր երկրում ցանկալի չէ, գնացեք ձեր երկիր, ում ուզում եք զրկեք իշխանությունից: Արցախի իշխանությունների և ոստիկանության պահվածքը ցույց տվեց, որ այդ երկրում շատ ավելի քիչ են հարգում Արցախը, քան՝ մտահոգ մարդիկ Հայաստանում կամ Հայաստանից դուրս»,- ասել է իրավապաշտպանը՝ նկատելով, որ ԼՂՀ ոստիկանությունն ինքը հարվածեց ԼՂՀ հեղինակությանը:

Հարությունյանի կարծիքով՝ դեպքի առնչությամբ քրեական գործ, իհարկե, ֆորմալ առումով կհարուցվի:

«Սակայն օբյեկտիվ քննություն ակնկալելը միամտություն է, որովհետև այդ ամենը ծրագրված էր ամենաբարձր մակարդակով, մասնակից են եղել ուժային կառույցների ներկայացուցիչները: Շուտվանից է քննություն ակնկալելը մեզ մոտ միամտություն, ինչ֊որ բաներ կանեն, բայց դրանից չի կարող ծնվել ճշմարտություն, էլ չեմ խոսում իրավունքի վերականգնման մասին», – կանխատեսել է նա:

Պատասխանելով հարցադրմանը, թե այնուհանդերձ Հայաստանում ավտորիտար ռեժիմ չկա, Հարությունյանն ասել է, որ համաձայն է, սակայն դա Հայաստանի իշխանությունների բարի կամքից չէ, այլ ավտորիտար լինելու հնարավորություններ չունենալուց: