Home / Տեսանյութեր / Նպատակը ռուսական զորքեր Ղարաբաղ մտցնելն է․ Իգոր Մուրադյան

Նպատակը ռուսական զորքեր Ղարաբաղ մտցնելն է․ Իգոր Մուրադյան

Հունվարի 31-ի` «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամներին Լեռնային Ղարաբաղի ոստիկանության կողմից ծեծի ենթարկելը մեկ բացատրություն ունի՝ վախենում էին հակառուսական ակցիայից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Իգոր Մուրադյանը։

«Ղարաբաղն ունի մեկ նպատակ, որի մասին նրա ղեկավարները շատ աղոտ պատկերացում ունեն։ Նրանց այդ մասին անգամ Երևանից չեն ասում։ Դա Ղարաբաղ ռուսական զորքեր մտցնելն է», ֊ ասել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ արվում է ամեն հնարավորը, որպեսզի այդ տարածքում «ոչ ռեժիմային» գործողություններ չլինեն, այլ ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը, ըստ Մուրադյանի, հայկական աշխարհի ինտեգրումն է արևմտյան հանրությանը, ինչը ենթադրում է այսօրվա «էլիտայի» հեռացումը իշխանությունից։

«Նրանց մեջքին կանգնած է միայն Ռուսաստանը», ֊ ասել է քաղաքագետը։

Ասուլիսի ընթացքում Մուրադյանը հայտարարել է, որ վերադարձնում է 2003թ․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի կողմից իրեն շնորհված Մեսրոպ Մաշտոցի շքանշանը։

«Ինձ այն պետք չէ։ Ինչո՞ւ։ Պատճառն այս իրադարձությունները չեն։ Սա ընդամենը առիթ է։ Ինձ մոտ երբեք Ղարաբաղի այս իշխանությունների հետ հարաբերությունները չեն ստացվել։ Շատ մարդկանց եմ ճանաչում, որոնց մոտ ստացվել է, բայց նրանք պատրանքների մեջ էին, իսկ ես երբեք պատրանքների մեջ չեմ եղել», ֊ ասել է Մուրադյանը։

Նրա խոսքով՝ փաստ է, որ Ղարաբաղը միացած է Հայաստանին, սակայն դրսից ուղորդված՝ ստեղծվեց ԼՂՀ֊ն։

«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մինչ օրս ոչ մեկի կողմից չի ճանաչվել և չի կարող ճանաչվել։ Որովհետև այն գոյություն չունի։ Ինչպե՞ս կարող է ճանաչվել կախյալ պետությունը», ֊ ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ Ղարաբաղն անկախության որևէ չափանիշ չունի, թերևս՝ միայն բանակի առկայությունը։  

Նշենք, որ հունվարի 31-ին Լաչինում (Բերձոր) ԼՂՀ ոստիկանության ներկայացուցիչները և քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, ովքեր ավտոերթ են կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Հարձակվողները նաև ջարդել են երթի մասնակիցների մեքենաները։