հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ղարաբաղում ոչ բոլոր պատգամավորներն են Ադրբեջանը շփոթում ԽՍՀՄ֊ի հետ

Ղարաբաղում ոչ բոլոր պատգամավորներն են Ադրբեջանը շփոթում ԽՍՀՄ֊ի հետ

ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցությունների կողմից Բաքվի ջարդերի վերաբերյալ օրերս տարածած հայտարարությունը պատմությունը կեղծելու փորձ է: Lragir.am֊ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԼՂՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը, ով չի ստորագրել հայտարարությունը: Այն չի ստորագրել նաև անկախ պատգավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

ԼՂՀ ԱԺ հայտարարությունում կար նման պարբերություն. «Պետական մակարդակով ահաբեկչությունը շարունակվել է նաև Լեռնային Ղարաբաղում, որի գերակշիռ հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխող վերնախավը 1991թ.-ի ապրիլ-օգոստոս ամիսներին իրականացրել է «Կոլցո» ռազմագործողությունը, որի հետևանքով բռնատեղահանվել, հրդեհվել և կործանվել է 24 հայկական գյուղ, զոհվել են բազմաթիվ անմեղ մարդիկ»:

Վահան Բադասյանն ընդգծել է, որ չի կիսում այն միտքը, թե «Կոլցո» գործողությունն իրականացրել է Ադրբեջանի ղեկավարությունը․ «Ես ականատես եմ եղել, Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը ականատես է եղել, թե ինչ էին անում սովետական զորքերը, որոնք զինված էին ուղղաթիռներով, տանկերով: Բռնի տեղահանողները սովետական ներքին զորքն էր, բոլորս դա հիշում ենք, իսկ թալանողներն էլ Ադրբեջանի հրոսակախմբերն էին»։

Պատգամավորն իր գործընկերներին կոչ է արել զերծ մնալ նման հայտարարություններից, քանի որ դրանք «ապակայունացնում են թե իրադրությունը, թե մեծ վնաս կարող են հասցնել Արցախի ինքնորոշմանն ու Հայաստանի անկախությանը»։

Բադասյանը կարծիք է հայտնել, որ այս փուլում ԼՂՀ խումբ-խմբակցությունների կողմից նման հայտարարություն անելը պատահական չէ․ Գյումրիում կատարված ոճրագործության և բարձրացված աղմուկի ֆոնին այսկերպ նրանք փորձում են հաճոյանալ ՌԴ իշխանություններին: Ըստ նրա՝ կատարված ոճրագործության պայմաններում Ռուսաստանի կողմից հայկական ինքնիշխանության ժխտողական դիրքորոշում եղավ, ինչն անտեսվեց ՀՀ անճարակ ռեժիմի կողմից: Հայաստանի ռեժիմին օգնության հասան ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցությունները:

«Պատմության կեղծումը ռուսական պետությանը հաճոյանալու ևս մեկ փորձ է: Բայց դա չի կարելի անել սեփական ժողովրդի պատվի, արժանապատվության ու ինքնիշխանության հաշվին»,֊ ասել է պատգամավորը:

Բադասյանը պատրաստվում է ԼՂՀ ԱԺ առաջիկա նստաշրջանում բարձրացնել այս հարցն ու իր գործընկերներին կոչ անել հավատարիմ լինել ազգային ինքնորոշմանը և տուրք չտալ նման հանգրվանային միջադեպերին:

Լուսանկարը՝ Յարոմիր Շտետինի՝ noev-kovcheg.ru կայքից