հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Լաչինում ծեծի են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի ավտոերթի մասնակիցները

Լաչինում ծեծի են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի ավտոերթի մասնակիցները

Ավտոերթով դեպի ԼՂՀ շարժվող «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամները Լաչինում (Բերձոր) հարձակման են ենթարկվել: Ավտոերթի մասնակիցներին դիմավորել են տեղի ոստիկանական տարբեր խմբեր, դիմակավորված ու զինված անձիք, հայտնում է ԳԱԼԱ հեռուստատեսության կայքը:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին փոխանցել է, որ իրենց պարզապես թույլ չեն տվել մուտք գործել ԼՂՀ, ու երբ ավտոերթի մասնակիցները փորձել են ուղևորվել Հայաստան, նրանց նկատմամբ, այնուամենայնիվ, ուժ են կիրառել:

«Ոստիկանական մեծ կարգախումբ էր՝ բոլորը զինված, դիմակներով ոստիկաններ էին, ճանապարհը փակել էին, մեզ ասեցին, որ ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ մտնեք Արցախ, մի քանի նախադասություն փոխանակեցինք, հասկացանք, որ անիմաստ է, փորձում էինք վերադառնալ, բայց սկսեցին հարձակվել, ծեծել, ծեծեցին, գետին գցեցին Ժիրայր Սեֆիլյանին, ինձ, մեքենաները ջարդեցին, նպատակը ծեծելն էր», – պատմել է Վարուժան Ավետիսյանը:

Նա նշել է նաև, որ ոստիկանները ուժ են կիրառել ավտոերթի մոտ 30 մասնակցի նկատմամբ, բերման են ենթարկել ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին, հնչել են նաև կրակոցներ: «Եվ ոստիկաններ էին, և խաժամուժ, օդ էին կրակում, հարձակվում մեր վրա, մենք գիտեինք, որ խաժամուժ է հավաքվել, բայց որ ոստիկաններն այդ քայլին կդիմեին, չէինք սպասում, քանի որ մենք պատրաստվում էինք հետ գալ, բայց մարդկանց հրաման էին տվել ջարդուփշուր անել մեքենաներն ու ծեծել մարդկանց: Ով ընկել է ձեռքերը, ծեծել են: Սեֆիլյանը բավականին վնասված էր, ինձ էլ են մահակներով ծեծել, գցել գետնին: Չենք թողնում մտնեք ներս ևվերջ, ասում էին՝ ռադ եղեք գնացեք, մոտ 40 մեքենա էր»,-պատմել է Վարուժան Ավետիսյանը:

ilur.am-ը հայտնում է, որ ծեծի են ենթարկվել նաև ԼՂՀ այն քաղաքացիները, ովքեր գնացել էին ավտոերթի մասնակիցներին դիմավորելու: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: