Home / Հայաստան / «Շրջանառության հարկի մասին» օրենքով պահանջվող ապրանքների փաստաթղթավորումը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը

«Շրջանառության հարկի մասին» օրենքով պահանջվող ապրանքների փաստաթղթավորումը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը

Շաբաթ օրը ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ է անցկացրել և հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ նույն օրը ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը: Հիշեցնենք, որ օրենքը պետք է ուժի մեջ մտներ դեռևս 2014 թվականի հոկտեմբերին, բայց փոքր և միջին ձեռնարկատերերի բողոքի ակցիաների արդյունքում այն հետաձգվեց մինչև 2015֊ի փետրվարի 1-ը։

Հունվարին ձեռնարկատերերը կրկին բողոքի ակցիաների շարք կազմակերպեցին՝ պահանջելով չեղյալ համարել օրենքը։

«Միաժամանակ, քննարկումների արդյունքում որոշվեց այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 մլն 350 հազար դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»,- նշել է կառավարության ղեկավարը:

Կառավարության կողմից ներկայացված նախագիծը ճանաչվել է անհետաձգելի և ներկայացվել Ազգային ժողով: