«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող մոտ 3 հազար փոքր և միջին ձեռնարկատերեր այս պահին փակել են Բաղրամյան պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունը։
Պատասխան չստանալով կառավարությունից՝ բողոքողները շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, որոնք փորձում են երթևեկության համար ազատել պողոտայի գոնե մեկ հատվածը։ Հավաքվածները վանկարկում են «Կասեցում»։
Շրջանառության մասին հարկի դեմ բողոքողներն ակցիաները սկսել են 4 ամիս առաջ, ապա ժամանակավորապես կասեցրել դրանք այն բանից հետո, երբ կառավարությունը մինչև 2015-ի փետրվարի 1-ը հետաձգել է օրենքով նախատեսված ապրանքների պարտադիր գույքագրման պահանջը։ Ակցիաները վերսկսվել են երեկ, քանի որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է օրենքում այլ փոփոխություններ մտցնել։
Անցյալ տարվա ակցիաների ընթացքում առևտրով զբաղվողները նշում էին, որ հնարավորություն չունեն գույքագրել ողջ ապրանքը, քանի որ խոշոր մատակարարները հաճախ նրանց չեն տրամադրում հաշիվ-ապրանքագրեր, բացի դրանից, ապրանքը գույքագրելու դեպքում իրենց շրջանառությունն անցնելու է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 58.3 միլիոն դրամը, որից հետո նրանք ստիպված են լինելու ԱԱՀ վճարել, ինչն էլ անհնար է դարձնում փոքր և միջին ձեռնարկատերերի հետագա աշխատանքը: Նրանցից ոմանք պահանջում էին կտրուկ բարձրացնել շեմը, մյուսները՝ ընդհանրապես չեղյալ համարել նոր օրենքը:
Մասնավորապես, ոսկու առևտրի ոլորտում աշխատողներն ընդգծել են, որ նոր օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո իրենք ստիպված կլինեն անմիջապես դադարեցնել գործունեությունը։
Որոշ փորձագետներ նշել են, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի ներմուծումը Հայաստանում կվերացնի փոքր և միջին ձեռնարկատիրությունը, մինչդեռ կառավարության անդամները պնդում են, թե իրենք նպատակ ունեն խոշոր բիզնեսում ստվերի դեմ պայքարել և չեն պատրաստվում չեղյալ համարել օրենքը։