Home / Տեսանյութեր / Վարչապետը ձեռներեցներին չհանդիպեց․ ակցիաներին միանալու են նաև մարզերից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետը ձեռներեցներին չհանդիպեց․ ակցիաներին միանալու են նաև մարզերից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այդպես էլ չի իջել՝ հանդիպելու շուրջ 5 ժամ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող փոքր և միջին ձեռնարկատերերին։ Ակցիայի վերջում նրանք որոշում են կայացրել կառավարության շենքի մոտ վերադառնալ վաղը։

Ակցիայի մի քանի հարյուր մասանկիցները պահանջում էին չեղյալ համարել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքը։

Բողոքողները հրաժարվել են 10 հոգանոց պատվիրակություն կազմել և շենքում հանդիպել Հովիկ Աբրահամյանի հետ։ Նրանք հիշեցրել են, որ 4 ամիս առաջ անցկացվող ակցիաների ժամանակ նման հանդիպում եղել է, սակայն դա ոչ մի օգուտ չի տվել, և օրենքում էական փոփոխություններ չեն կատարվել։

«Անցյալ անգամ գնացինք, ի՞նչ ստացվեց: Եթե մի բան փոխվեց, ապա միայն դեպի վատը: Դեկտեմբերի 12-ին Ֆինանսների նախարարությունը ներկայացրեց և Կառավարությունն օրենքի մի կետ ընդունեց, որ մենք կարող ենք իբր առանց մաքսայինի կնիքի ապրանքներ գրանցենք: Բայց դա ոչ այլ ինչ է, քան մաքսանենգություն»,- հայտարարել է առևտրով զվաղվող քաղաքացի Սամսոն Գրիգորյանը:

Հավաքվածների մեծ մասն ասել է, որ այդ փոփոխությանն էլ չեն հավատում: Նրանք վստահ են, որ մաքսային ծառայությունը նման ապրանքն էլ կհարկի: Ակցիայի մասնակիցները նաև մտավախություն էին հայտնում, որ կհարկվեն նաև այն ապրանքները, որոնք իրենք գնել ու պահեստավորել էին մինչև օրենքի ընդունումը: Ըստ հավաքվածների՝ օրենքի նախագիծը չի կարող կիրառվել՝ ներկրողները հաճախ ապրանքների հաշիվ֊ապրանքագիր չեն տրամադրում։

Այսօրվա ակցիային մասկանցում էին ոչ միայն ձեռներեցներ, որոնք աշխատում են Երևանի տարբեր տոնավաճառներում, այլև մարզերից ժամանած մարդիկ, մասնավորապես, Արմավիրից և Աշտարակից։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ակցիաները լինելու են ամեն օր, մինչև հարցին լուծում չտրվի: Հայտարարվել է, որ մարզերում ևս ինքնակազմակերպվում են և վաղը Կառավարության շենքի մոտ են լինելու Գյումրիից, Վանաձորից, Սևանից եկած ձեռնարկատերեր ևս:

«Մենակ գյումրեցիները կարող են սրանց հախից գալ», – հայտարարությունը ողջունել են հավաքվածներից մի քանիսը:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ եթե պետք լինի, կանայք կգնան տուն, տղամարդիկ շուրջօրյա ակցիաներ կանեն կառավարության մոտ: Այս հայտարարությունը զայրացրել է կանանցից մի քանիսին: Նրանք ասել են, որ պատրաստ են մնալ և ցրտից չեն վախենում: «Մենք ենք մեր ընտանիքները պահում: Մեր կին լինելը վաղուց մոռացել ենք»,- ասել է նրանից մեկը:

Առևտրականները քննարկել են նաև գործադուլ անելու հարցը:

«Միևնույն է, գնում ենք, մենք մերոնցով նստում: Մարդ չի մտնում շուկա», – ասել է ձեռներիցներից մեկը:

Հիշեցնենք, որ Շրջանառության հարկի դեմ բողոքողներն անցյալ տարվա ակցիաների ընթացքում նշում էին, որ հնարավարություն չունեն գույքագրել ողջ ապրանքը, քանի որ խոշոր մատակարարները հաճախ նրանց չեն տրամադրում հաշիվ-ապրանքագրեր, բացի դա, ապրանքը գույքագրելու դեպքում իրենց շրջանառությունը անցնելու է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 58.3 միլիոն դրամը, որից հետո նրանք ստիպված են լինելու ԱԱՀ վճարել, ինչն էլ անհնար է դարձնում փոքր և միջին ձեռնարկատերերի հետագա աշխատանքը: Նրանցից ոմանք պահանջում էին կտրուկ բարձրացնել շեմը, մյուսները՝ ընդհանրապես չեղյալ համարել նոր օրենքը: