Հունվարի 30-ին Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Լևոն Ավետիսյան) տեղի է ունեցել ՀՀ ՊՆ 24923 զորամասի ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործով առաջին լիարժեք դատական նիստը. մինչ այդ երկու նիստ էլ էր կայացել, որոնք միայն բացվել և փակվել էին՝ հետաձգվելով։ Համաձայն նախաքննության վարկածի՝ Մանուչարյանն ինքնասպան է եղել, սակայն տուժող կողմը պնդում է, որ տեղի ունեցածը դիտավորյալ սպանություն է։ Ինչպես հաղորդում է safesoldiers.am կայքը, նիստի ժամանակ տուժող կողմը բացարկ է հայտնել մեղադրող դատախազ Ամիրյանին։
Որպես հիմք նշվել է, որ Մանուչարյանի մահվան հաջորդ օրը՝ 2013թ. օգոստոսի 1-ին, գործով քննիչ Մ. Նալբանդյանը կազմել է զինվորի հագուստների զննում կատարելու վերաբերյալ արձանագրություն, որում, մասնավորապես, նկարագրվում է հանգուցյալի զինվորական տաբատը: Համաձայն դրա, «․․․զինվորական տաբատի ձախ ոտքի ազդրի շրջանում, մինջև ծունկը, ներծծված է արնանման թանձր հեղուկով, աջ ոտքի հատվածում, աջ կողագրպանի վերին առջևի եզրից 3,5 սմ վեր առկա է կլորավուն, կիսալուսնաձև, 1,5×1 սմ չափսի թելատված եզրերով անցք, աջ ոտքի հետնամասում, ծնկածալի հատվածում, առկա է արնանման ներծծված հետք 10×25 սմ չափսերի, որի վերնամասում, կորավուն կարից 5 սմ ցած առկա է 5 մմ տրամագծով անցք, որի եզրերը այրվածքի հետքերով են: Տաբատի վրա այլ վնասվածքների հետքեր չհայտնաբերվեցին»:
Մինչդեռ Մանուչարյանի հագուստների դատաձգաբանական – դատահետքաբանական եզրակացության համաձայն՝ նախաքննական մարմինը փորձագետներին է ներկայացրել լիովին այլ տաբատ (նշված եզրակացությունում այն անվանվել է անդրավարտիք): Այս անդրավարտիքի զննությունն իրականացրած փորձագետ Ա. Ավետիսյանը գրել է․
ա․ «անդրավարտիքն ունի գրպաններ, որոնցից վերևից հաշված առաջինը և երրորդը բացակայում են»,
բ․ «անդրավարտիքը հնամաշ է, աղտոտված»,
գ․ «երկու կոճակների բացակայությունից զատ՝ անդրավարտիքի վրա հետազոտությամբ այլ մեխանիկակական բնույթի վնասվածքներ և հետքեր չհայտնաբերվեցին»:
«Այս երկու փաստաթղթերի համադրումից գալիս ենք միանշանակ եզրակացության․ նախաքննական մարմինը կատարել է ծանր հանցագործություն: Նախ՝ պարտակել է իրեղեն ապացույց տաբատը՝ դրա փոխարեն փորձագիտական կենտրոն ուղարկելով այլ տաբատ: Այս հանցագործությամբ նախաքննական մարմինն առաջին հերթին նպատակ է հետապնդել կոծկել այն փաստը, որ տաբատի վրա, աջ ոտքի ետնամասում առկա է 5 մմ տրամագծով հրազենային վնասվածքի անցք, ինչը Մանուչարյանը չէր կարող հասցնել ինքն իրեն, և ինչը միանշանակ վկայությունն է նրա, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է», ֊ նշել է տուժող կողմը՝ ընդգծելով, որ Մանուչարյանը չէր կարող ինքնասպանություն գործել՝ միաժամանակ և՛ ոտքից՝ թիկունքի շրջանում, և ծնոտի մասում՝ ավտոմատ կրակահերթով կրակելով ինքն իր վրա։
Բացարկի հետ մեկտեղ, տուժող կողմը միջնորդել է դատարանին գործի դատավարությունը կասեցնել և նշված փաստերի վերաբերյալ հաղորդում ուղարկել գլխավոր դատախազին՝ նշելով, որ փաստի շուրջ ՀՔԾ-ի կողմից պետք է կատարվի քննություն, հայտնաբերվեն մեղավորները, պատասխանատվության ենթարկվեն, ինչպես նաև հայտնաբերվի և իրեղեն ապացույց ճանաչվի Մանուչարյանի կորած տաբատը։
Նախագահող դատավոր Ավետիսյանը, երկար ժամանակ անցկացնելով խորհրդակցական սենյակում, մերժել է տուժող կողմի միջնորդություններն ու բացարկը: Ըստ օրենքի՝ նա պարտավոր էր հանցագործության մասին տուժող կողմի հաղորդումն ուղարկել գլխավոր դատախազին, սակայն հայտարարեց, որ չի ուղարկի, որ տուժող կողմն ինքը կարող է նման հաղորդում ուղարկել գլխավոր դատախազին։
Մերժումից հետո տուժող կողմը բացարկ է հայտնել դատավոր Ավետիսյանին հետևյալ հիմքով. համաձայն քր. դատ. օր-ի 262 հոդվածի՝ դատավորը որևէ քրեական գործ վարույթ ընդունելուց առաջ պարտավոր է ծանոթանալ գործի նյութերին և միայն դրանից հետո կայացնել համապատասխան որոշում՝ այն վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ։
Ծանոթանալով նյութերին՝ դատավորը, բնականաբար, պետք է տեսներ այն հանցագործության փաստը, ինչը տեսել, հայտնաբերել և դատարանին հայտնել է տուժող կողմը: Դատավորը մերժել է նաև այդ միջնորդությունը:
«Դատավոր Ավետիսյանը հայտնվել է փակուղում, նա չգիտի` ինչպես պետք է շարունակի դատաքննությունը, եթե ի հայտ է եկել նոր, գործը գլխիվայր շրջող փաստ, ինչն ապացուցում է, որ Մանուչար Մանուչարյանին սպանել են, որ բոլոր վկաները կեղծ ցուցմունք են տվել և, որ այսօր նախաքննական մարմնի հանցագործության պատճառով ապօրինաբար կալանավորվել եւ մեղադրյալի աթոռին են հայտնվել երկու անմեղ զինծառայողներ»,- դատական նիստից հետո ասել է տուժող կողմի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը։
Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին։
Հոդվածն ամբողջությամբ՝ safesoldiers.am կայքում