5 թուրքական հասարակական կազմակերպություններ աշխարհի պետությունների առաջնորդներին կոչ են արել չընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին մասնակցելու հրավերը, փոխարենը հորդորել են մեկնել Երևան՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Այս մասին հայտնում է bianet.org֊ը։
Համատեղ հայտարարությունը ստորագրել են Մարդու իրավունքների ասոցիացիայի ռասիզմի և խտրականության դեմ պայքարող կոմիտեն (IHD), Իզմիրի ասորական բարեկամության, մշակույթի և համերաշխության ասոցիացիան, «Նոր Զարթոնք» ՀԿ֊ն, www.suryaniler.com մշակութային պլատֆորմը և «Զան» հասարակական, քաղաքական, տնտեսական հետազոտությունների հիմանդրամը։
«Ապրիլի 24-ն ամբողջ աշխարհում խորհրդանշում է Հայոց Ցեղասպանության մեկնարկը», ֊ ասել է IHD֊ի փոխնախագահ Մերալ Չիլդիրը։
Հայտարարության հեղինակների խոսքով՝ քանի դեռ մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, «մենք՝ Ցեղասպանության ժխտման դեմ պայքարող մարդիկ և ժողովուրդները, բողոքում ենք Էրդողանի հրավերի դեմ և կոչ ենք անում պետությունների առաջնորդներին այցելել Երևանում գտնվող Հայոց Ցեղասպանության հուշարձանը»։
Նշենք, որ այս տարի Էրդողանը հայտարարել էր, որ 1915 թվականին տեղի ունեցած Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը նշվելու է ապրիլի 24-ին, մինչդեռ նախկինում այն նշում էին մարտի 18-ին։ Այդ կապակցությամբ Էրդողանը Թուրքիա է հրավիրել 100֊ից ավելի պետությունների առաջնորդներին։
IHD֊ի մեկ այլ փոխնախագահ՝ Էրեն Կեսկինը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Էրդողանի հրավերը «Հայոց Ցեղասպանության զոհերի ծաղր է»։
«Պետք է Երևան գնալ, այնտեղ, որտեղ իսկական ցավն է», ֊ ասել է Կեսկինը։