Երեկ պարզվել է, որ Հայաստանի կառավարությունը կարող է մարդկանց աշխատատեղերով ապահովել, բայց այդ լավությունից մարդկանց կոնկրետ խմբերի անդամներ կարող են օգտվել, «Ժողովուրդ» օրաթերթում «Դրամաշնորհ «կպցնելու» նոր թեմա են գտել» հոդվածում գրում է լրագրող Վահագն Հովակիմյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ Հայաստանի բնակիչներից նրանք, ովքեր ավանդաբար մեկնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, բայց այս տարի ինչ֊ինչ պատճառներով չեն կարողացել մեկնել, աշխատանքով կապահովվեն։
«Կփորձենք նրանց ներգրավել սեզոնային զբաղվածության ծրագրերում»,֊ ասել է նախարարը։
«Կարելի էր կարծել, որ Կառավարությունն աշխատատեղեր ուներ, բայց դրանք չէր գործարկում, որովհետև նախկինում պահանջարկ չկար, իսկ այժմ, քանի որ մարդիկ չեն կարողացել գնալ ՌԴ, նախարարությունը որոշել է նրանց աշխատանքով ապահովել»,֊ գրում է Հովակիմյանը՝ հիշեցնելով, որ միայն պաշտոնական տվյալներով, Հայաստանում կա 240 հազար գործազուրկ։
Եթե կարող էին աշխատանքով ապահովել, ապա ինչո՞ւ մինչ այս չէին անում, հարց է բարձրացնում հոդվածագիրը՝ եզրակացնելով, որ նախարարի նման հայտարարությունն անհեթեթություն է։
Իրականում, նշում է Հովակիմյանը, նախարարի ասածն աշխատատեղերի ստեղծման հետ կապ չունի։
«Ասատրյանը կոնկրետ չի ասել, թե այդ ինչ ծրագրերի մասին է խոսքը, և ով է ֆինանսավորել, բայց դժվար չէ կռահել։ Բանն այն է, որ միջազգային կազմակերպությունները, մարդկանց զբաղվածությունն ապահովելու համար, պարբերաբար դրամաշնորհային տարբեր ծրագրեր են իրագործում։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Արտեմ Ասատրյանը միջազգային կառույցներից դրամաշնորհներ խնդրելու նոր թեմա է գտել՝ Ռուսաստան մեկնել չկարողացածների զբաղվածության խնդրի լուծում»,֊ գրում է հոդվածագիրը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում