Home / Հայաստան / Հայաստանը խախտել է խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը՝ արգելելով մոմավառությունը. վճիռ

Հայաստանը խախտել է խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը՝ արգելելով մոմավառությունը. վճիռ

Հայաստանի Հանրապետությունը խախտել է խոշտանգման զոհ դարձած Լևոն Գուլյանի հիշատակին մոմավառության կազմակերպիչների խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը։ Այս մասին ասված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից երեկ հրապարակված վճռում։

ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ Գուլյանը, ով որպես վկա էր անցնում սպանության մի գործով, մահացել է 2007 թվականի մայիսի 12-ին ոստիկանության բաժանմունք բերվելուց հետո։ Պաշտոնական վարկածի համաձայն, նա փորձ է արել փախչել և նետվել է երկորդ հարկի պատուհանից: Համաձայն հայաստանցի իրավապաշտպանների՝ Գուլյանն իրականում դաժան խոշտանգումների էր ենթարկվել ոստիկանությունում:

Դեպքից մեկ տարի անց «Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպանական կազմակերպությունը դիմել էր Երևանի քաղաքապետարանին՝ հայտնելով Գուլյանի մահվան մեկ տարին հարգող մոմավառություն անցկացնելու մտադրության մասին: Երթը պետք է մեկնարկեր Հանրապետության հրապարակից և վերջանար Ոստիկանության շենքի մոտ (Նալբանդյան փողոց): Քաղաքապետարանն իր մերժումը բացատրել էր՝ հենվելով ոստիկանության հիմնավորման վրա, թե 2008 թվականի Մարտի 1-ի հավաքը հանգեցրել է զանգվածային անկարգությունների, որոնց հետևանքով մարդկային զոհեր են եղել։ Բացի դա, ոստիկանությունը նշել էր, որ հանցագործության ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել ու քննության ընթացքում մարտի 1-ին օգտագործված ոչ բոլոր զենքերն են գտնվել։ Ըստ այդմ, նոր հանցագործությունները դժվար կլինի կանխել խնդրո առարկա հանրային միջոցառման անցկացման դեպքում։ ԱԱԾ֊ն․ իր հերթին, նշել էր, որ նշված մոմավառությունը թույլ տալը կարող է հանգեցնել պետական անվտանգության և հանրային կարգի խախտմանը:

Նշենք, որ Գուլյանի մահվան հանգամանքների քննության բուն գործը ևս գտնվում է ՄԻԵԴ վարույթում: Թեև գոյություն ունի Վճռաբեկ դատարանի վճիռ, որը պարտադրում է վերսկսել Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը, այն Հատուկ քննչական ծառայության կողմից կարճվել է:

Գուլյանի գործի մասին մանրամասն Տիգրան Պասկևիչյանի «72 ժամ ազատությունից հետո․ խոշտանգումները ոստիկանությունում» ֆիլմում:

Tekali Taxi