Home / Հայաստան / «Փայլուն նախագահ» Ալիևը չի լսի Սաակաշվիլիի խորհուրդները, վստահ են Վրաստանում

«Փայլուն նախագահ» Ալիևը չի լսի Սաակաշվիլիի խորհուրդները, վստահ են Վրաստանում

Վրաստանի գլխավոր դատախազությունն արդեն պաշտոնական դիմում է հղել Ադրբեջանի գլխավոր դատախազությանը՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալելու ու նրան Վրաստանին արտահանձնելու վերաբերյալ։ Այս մասին ադրբեջանական Haqqin.az կայքին հայտնել է Վրաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայության պետի տեղակալ Նաթիա Սուխիաշվիլին։ 

Սաակաշվիլին Բաքու է ժամանել նախկին նախագահների ու կառավարությունների ղեկավարների ֆորումի մասնակցելու նպատակով։ Haqqin.az֊ի հետ զրույցում նա նշել է, որ Վրաստանի իշխանությունները խոչընդոտներ էին ստեղծում Ադրբեջան իր այցի համար։ 

Իր հերթին, Վրաստանի խորհրդարանական մեծամասնության՝ «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Գոգի Տոպաձեն հայտարարել է, որ Թբիլիսին չի կարող պաշտոնական Բաքվին արգելել ընդունել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

«Մենք չենք կարող Սաակաշվիլիին արգելել մեկնել Բաքու։ Իր հայրենիքում, սակայն, նա ընդգրկված է Ինտերպոլի «Կարմիր ցուցակում», որտեղ գտնվում են մարդիք, ովքեր չափազանք մեծ վտանգ են ներկայացնում ու ենթակա են ձերբակալության աշխարհի ցանկացած անկյունում։ Սաակաշվիլին այժմ շատ ակտիվ է Ուկրաինայում, որը նրան չի հանձնում Վրաստանին։ Ուկրաինայից Սաակաշվիլին փորձում է ազդել Վրաստանի քաղաքականության վրա՝ կոպտորեն միջամտելով կառավարության աշխատանքներին։ Ակնհայտ է, որ նա ցանկանում է վատություն անել Վրաստանին։ Բայց նրան դա չի հաջողվի։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ պարզապես լավը չեն, դրանք շատ լավն են։ Մենք հիշում ենք, թե ինչպես էր Ադրբեջանը մեզ օգնում մեզ համար դժվար պահերին։ Մենք այդ մասին միշտ կհիշենք։ Բայց ցանկանում եմ զգուշացնել՝ Սաակաշվիլիի խորհուրդները կարող են վնասել Բաքվին։ Սակայն ես չեմ կարծում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում հետ անձամբ եմ ծանոթ, հաշվի կառնի Սաակաշվիլիի առաջարկությունները։ Իլհամ Ալիևը խելացի քաղաքական գործիչ է, փայլուն նախագահ․ նա չի լսի Սաակաշվիլիի խորհուրդները»,֊ ասել է Տոպաձեն։

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունում և երկրի Ներքին գործերի նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել Սաակաշվիլիի հնարավոր ձերբակալման ու հայրենիքին նրա արտահանձնման մասին տեղեկությունը։ 

Tekali Taxi